Գլխավոր էջ





Նոր էջ Հայաստանի բնապահպանության մեջ. ԳԿՄԿ-ն պատրաստել է կենսաբազմազանության առաջին մագիստրոսներին

Մայիսի 25, 2026

Ս․թ․ մայիսի 15-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։

Թեմաները նվիրված էին կենսաբազմազանության պահպանությանն առնչվող խիստ արդիական և միջոլորտային հարցերի։ Ըստ ամբիոնի վարիչ կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանի՝ ուսանողներն իրենց ուսումնասիրություններն ու վերլուծություններն իրականացրել էին մեծ պատասխանատվությամբ, գիտական մոտեցմամբ և բարձր պատրաստվածությամբ։

Պաշտպանության հանձնաժողովում ընդգրկված էին տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Ամփոփելով պաշտպանության արդյունքները՝ հանձնաժողովի անդամները կարևորեցին աշխատանքների գործնական նշանակությունն ու նորարարական բնույթը՝ ընդգծելով, որ ստացված արդյունքները նպատակահարմար է ներկայացնել համապատասխան գերատեսչություններին՝ դրանց հետագա կիրառման և քաղաքականության մշակման գործընթացներում ներառելու համար։

Շրջանավարտների արձանագրած հաջողությունները վկայում են այն մասին, որ այս մագիստրոսական ծրագիրը կարևոր ներդրում ունի կենսաբազմազանության պահպանության, գիտական ներուժի զարգացման և ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում՝ նպաստելով Հայաստանի բնապահպանական քաղաքականության, գիտության և կայուն զարգացման առաջնահերթությունների առաջխաղացմանը:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին