Գլխավոր էջ





Դիպլոմների հանձնում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 3 կրթական ծրագրերի շրջանավարտներին

Փետրվարի 25, 2026

Ս․թ․ փետրվարի 25-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ դիպլոմների հանձնման հերթական հանդիսությունը։ Իրենց մագիստրոսական դիպլոմներն ստացան հեռակա համակարգի 3 կուրսերի շրջանավարտները՝ «Սոցիալական և քաղաքական հոգեբանություն», «Կլինիկական հոգեբանություն», «Կառավարում» մասնագիտություններից։

Իրենց ամբիոնների նորընծա մագիստրոսներին շնորհավորանք-բարեմաղթանքի խոսք հղեցին Հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆ․ Նաիրա Հակոբյանը, Տնտեսագիտության և կառավարման աբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Կարեն Սարգսյանը։

Ն․Հակոբյանը, մասնավորապես, նշեց․ «Ես ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության պրոցեսը երբեք չընդհատվի, և, շարունակական կրթության համատեքստում, շարունակեք անընդհատ զարգացնել ձեզ, որովհետև հոգեբանությունը կենդանի գիտություն է, և այն անընդհատ պետք է զարգացնել։ Ցանկանում եմ, որ դուք ձեր գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով կարողանաք ամոքել մարդկանց հոգեկան վերքերը, սատար կանգնել նրանց, դուրս բերել տարբեր դժվար վիճակներից և աշխատել ոչ միայն առանձին անհատի հոգեկան առողջության ու ներդաշնակության, այլև ողջ հասարակության համար»։

Կ․ Սարգսյանն իր խոսքում նշեց․ «Մաղթում եմ, որ այն դիպլոմը, որ հիմա կստանաք, լինի հավաստումը այն բանի, որ ստացել եք պատշաճ գիտելիքներ, և դառնա ձեր հետագա մասնագիտական հաջողությունների հիմնաքարերից մեկը»։

Դիպլոմների հանձնումից հետո արտահատվեցին նաև շրջանավարտները՝ գոհունակության և երախտիքի խոսքեր հղելով իրենց դասավանդած դասախոսներին, ամբիոնների վարիչներին և ԳԿՄԿ վարչակազմին՝ ամեն հարցում իրենց սատարած լինելու համար։

«Մենք իրականում հրաժեշտի խոսք չէ, որ ուզում ենք արտահայտել, որովհետև հուսով ենք, որ Կենտրոնի հետ կապը չի խզվի և կլինի շարունակական։ Շնորհակալ ենք անցած երկուսուկես տարում մեզ տրված գիտելիքների և փորձի համար»,- դիմելով ամբիոնի վարիչ Ն․ Հակոբյանին և ԳԿՄԿ ողջ վարչակազմին՝ նշեց Հոգեբանության ամբիոնի շրջանավարտ, ՈՒԳԸ փոխնախագահ Լուսինե Մխիթարյանը։

«Անցած երկուսուկես տարին մեզ համար մի ամբողջ կյանք էր։ Կուրսի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ այդ ընթացքում մեզ փոխանցված հարուստ գիտելիքների և ամեն ինչի համար»,- նշեց «Կառավարում» մասնագիտության շրջանավարտ Գառնիկ Պետրոսյանը։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին