Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ 2024 թվականի տարեկան հաշվետու ժողովը

Դեկտեմբերի 13, 2024

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի օրակարգում ԳԿՄԿ-ի 2024 թվականի աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվության ներկայացումն էր:


Նիստին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները, այդ թվում՝ ուսանողներ, և տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:


Նիստը բացեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանը՝ ողջունելով բոլոր ներկաներին և հաստատման դնելով օրակարգը: Տնօրենը ներկայացրեց հաշվետու տարվա աշխատանքները, ինչն իրականացվեց Կենտրոնի մասին բազմակողմանի, հանգամանալից և ակնառու վերլուծական-վիճակագրական տվյալները ներկայացնող սահիկաշարի ուղեկցությամբ:


Ելույթում արտացոլվեցին Կենտրոնի 7 հիմնական ուղղությունները՝ 1.ուսումնական գործընթաց, 2.արտաքին կապեր և միջազգայնացում, 3.գիտական գործունեություն, 4.եթակառուցվածքների զարգացում և էլեկտրոնային ռեսուրսներ, 5.հանրային կապեր և ուսանողական ակտիվություն, 6.որակի ապահովում, 7.մարդկային ռեսուրսներ:


Ներկայացվեցին հաշվետու տարում գրանցված ցուցանիշները՝ համեմատած նախորդ տարիների արդյունքների՝ բոլոր ուղղություններում փաստելով դրական ցուցանիշների աճ: Պարզ դարձավ, որ այն դրական փորձը, որ Կենտրոնը ձեռք էր բերել նախորդ տարիների ընթացքում, լավագույնս պահպանվել է և բարելավվել հաշվետու տարում: Եղել են նաև ոլորտներ, որոնցում 2024-ին գրանցվել են նորարարության դրսևորումներ: Վերջիններիս շարքում նշվեցին հետևյալները՝


  1. Հիմնվել է նոր ամբիոն՝ «Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության»՝ տեղակայվելով ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում: Նոր ամբիոնն իրականացնում է ՀՀ-ում եզակի մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն», ինչը արտացոլում է կենսաբազմազանության ոլորտի վերջին առաջընթացները և միտված է դիմակայելու վայրի բնության պահպանության գլոբալ մարտահրավերներին:
  2. Ներդրվել են մագիստրոսական նոր կրթական ծրագրեր, որոնցից մեկը՝ միջազգային համատեղ՝ «Erasmus+ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:
  3. Միջազգային դրամաշնորհով բացվել են միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ լաբորատորիա՝ մոտ 37 հազար եվրո արժողությամբ սարքավորումներով, և մեկ համակարգչային լսարան:
  4. Առաջին անգամ Կենտրոնը ներառվել է Higher Education Ranking համալսարանների միջազգային վարկանիշային աղյուսակում՝ 303 բուհերի շարքում զբաղեցնելով 233-րդ տեղը:

 

Հաշվետու տարում ակտիվորեն շարունակվել են Կենտրոնի ﬕջազգայնացմանն ուղղված գործընթացները։ Ընդլայնվել են գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերը, ներդրվել են միջազգային շարժունության նոր ծրագրեր՝ միայն 2024-ին կնքված միջազգային պայմանագրերի թիվը հասցնելով 88-ի՝ ներառելով գործընկերային շփումներ, այդ թվում՝ աշխատակազմի և ուսանողների շարժունության, արտասահմանյան մոտ 12 բուհերի հետ: Արտաքին կապերի շրջանակներում Կենտրոնում կազմակերպվել են նաև արտասահմանյան գործընկերների կողմից իրականացված դասախոսություններ և վերապատրաստումներ:


Կենտրոնի աշխատակիցները և ուսանողերը շարունակել են ակտիվություն դրսևորել գիտական աշխատանքների ոլորտում, ինչն արտահայտվել է հրատարակված հոդվածների մեծ քանակի, գիտական միջոցառումների կազմակերպման, հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովներին մասնակցության, թեմատիկ դրամաշնորհային ծրագրերի իրագործման, գրքերի և Կենտրոնի գիտական ամսագրերի հրատարակման ձևով: Կարևորվեց այն, որ հրատարակված գրքերից մեկը և հոդվածներից 7-ը ընդգրկված են Scopus, Web of Science միջազգային շտեմարաններում: Կենտրոնի գիտական հաջողությունների շարքում ընդգծվեցին թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքները:


Կենտրոնում ակտիվ աշխատանքներ են ծավալվել նաև կանոնակարգերի վերանայման, ՄԿԾ-ների՝ ՈԱՇ պահանջներին համապատասխանեցման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներքին և արտաքին վերապատրաստման, ուսանողական ինքնավարության խթանման, ուսանողների մշակութային կյանքի կազմակերպման, լսարանային ֆոնդի տեխնիկական վերազինման և այլ ուղղություններով:


Կարևորվեց նաև այն, որ հաշվետու տարում Կենտրոնում իրականացված աշխատանքները եղել են հանրությանը հասանելի՝ արտացոլված լինելով Կենտրոնի կայքում և սոցցանցային էջերում, որոնցում, ի դեպ, նկատվել է հետևորդների և այցելուների քանակական մեծ աճ՝ ի վկայություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի նկատմամբ հանրության հետաքրքրության աճի:

 

Ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը: Վերջինս հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում իրականացված աշխատանքներին, ապա ակտիվ քննարկում ծավալեց Կենտրոնի ապագա անելիքների շուրջ՝ խորհուրդ տալով, մասնավորապես, քայլեր ձեռնարկել ԳԿՄԿ-ի «Կաճառ» գիտական պարբերականի միջազգային տեսանելիությունը բարելավելու, այն Scopus, Web of Science շտեմարաններում ընդգրկելու ուղղությամբ:

 

Հավանության արժանացնելով կատարված արդյունավետ աշխատանքները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները միաձայն հաստատեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տարեկան ամփոփիչ հաշվետվությունը:


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին