Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոսները նվիրեցին իրենց հեղինակած մասնագիտական գրքերը

Փետրվարի 24, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ), Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, հայտարարել էր ֆեյսբուքյան մրցույթ՝ նվիրելու Կենտրոնի տարբեր ամբիոնների դասախոսների հեղինակած մասնագիտական գրքերը։ Մրցույթը նախաձեռնել և կազմակերպել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը։

Ս․թ․ փետրվարի 23-ին ԳԿՄԿ դահլիճում կայացավ մրցույթի հանդիսավոր ամփոփումը։ Ներկաների մեջ էին գրքերի հեղինակները, մրցանակակիրները, ԳԿՄԿ ամբիոնների վարիչներ։

Ամփոփիչ միջոցառման ընթացքում ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը ներկայացրեց մրցույթի գաղափարախոսական և կազմակերպական մասերից որոշ դրվագներ՝ անդրադառնալով նաև հանրության շրջանում մրցույթի ստացած լայն արձագանքին։ Մրցույթի արդյունքում 24 մասնակից ստացավ մասնագիտական գիրք՝ հեղինակի մակագրությամբ։ Մրցանակակիրների աշխարհագրությունն ընդգրկում էր ՀՀ 6 մարզեր։

«Մրցույթը կայացավ շնորհիվ ԳԿՄԿ ամբիոնների վարիչների արագ և արհեստավարժ արձագանքի, ներկայացված արժեքավոր և բազմաոլորտ գրքերի, հեղինակների պատրաստակամության և կամեցողության, այլ կերպ ասած՝ շնորհիվ մասնագիտական գրքի նկատմամբ ԳԿՄԿ-ում առկա արժեհամակարգային ընդհանրության և արդյունավետ համագործակցության։ Հուսով ենք, որ նվիրված գրքերի ընթերցումը կնպաստի համապատասխան մասնագիտական ոլորտների զարգացմանը»,- իր խոսքում նշեց Հ․ Մելքոնյանը։

Նվեր գրքերը հանձնվեցին հեղինակների կամ ԳԿՄԿ վարչական կազմի ներկայացուցիչների կողմից։

Միջոցառումն ընթացավ ջերմ գիտական միջավայրում՝ գցելով ընթերող-հեղինակ, հանրություն-ԳԿՄԿ համագործակցությունը նոր գաղափարների շուրջ զարգացնելու նոր կամուրջներ։

Միջոցառման մասնակիցները հայտնեցին իրենց ընդգծված գոհունակությունը՝ Գիրք նվիրելու օրվան այդ ձևաչափով անդրադարձ կատարելու գաղափարի, ինչպես նաև մրցույթի կազմակերպման որակի առթիվ։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին