“Erasmus+ EU Bridge” նախագծի առաջընթացը՝ Վիտերբոյում կայացած հանդիպման օրակարգում
Հունիսի 23, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները 2026թ. հունիսի 8–12-ը մասնակցել են Իտալիայի Վիտերբո քաղաքում Տուշայի համալսարանի կողմից կազմակերպված աշխատակազմի վերապատրաստման 7-րդ միջազգային շաբաթին, որը իրականացվել է Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության (ICM) ծրագրի շրջանակում։
Վիտերբոյում գտնվելու հնարավորությունից օգտվելով՝ հունիսի 8-ին «Erasmus+ EU Bridge» նախագծի հայաստանյան գործընկերների՝ ԳԿՄԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչները Տուշայի համալսարանի իտալացի գործընկերների հետ անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ ծրագրի առաջընթացը գնահատելու և առաջիկա գործողությունները համակարգելու նպատակով։
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են «EU Bridge» նախագծի ճանապարհային քարտեզը (Road Map), գնահատել մինչ օրս գրանցված արդյունքներն ու առաջընթացը, ինչպես նաև անդրադարձել ծրագրի շրջանակում իրականացվող ընթացիկ գործունեությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախատեսված արդյունքների և հանձնառությունների կատարմանը, աշխատանքային փաթեթների շրջանակում իրականացվող գործողությունների համակարգմանը և ծրագրի առաջիկա փուլերի նախապատրաստմանը։ Հանդիպումը կարևոր հնարավորություն էր նաև ծրագրի իրականացման գործնական հարցերը քննարկելու, ինչպես նաև գործընկեր հաստատությունների միջև համագործակցության ու համակարգման մակարդակն առավել ամրապնդելու համար։
Վիտերբոյում կայացած հանդիպումը հնարավորություն տվեց գործընկերներին համաձայնեցնելու իրենց ջանքերն ու առաջնահերթությունները՝ նպաստելով “Erasmus+ EU Bridge” նախագծի շարունակական իրականացմանը։




