Գլխավոր էջ





ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը՝ «Հաղթանակի դպրոց» միջազգային ասամբլեայի մասնակից

Ապրիլի 23, 2025

Սույն թվականի ապրիլի 21-23-ին Ռուսաստանյան կրթական ակադեմիան կազմակերպել էր իր 4-րդ միջազգային ասամբլեան՝ «Հաղթանակի դպրոց» խորագրով՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 80-ամյակին։

Ասամբլեայի շրջանակներում հնչել են առցանց ելույթներ ՌԴ ոլորտային պաշտոնյաների և ԱՊՀ երկրների կրթական հաստատությունների ղեկավարների կողմից։

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։ ԳԿՄԿ-ի և անձամբ իր անունից ողջունելով «Հաղթանակի դպրոց» միջազգային ասամբլեայի բոլոր մասնակիցներին՝ նա, մասնավորապես, նշել է․ «Մեծ հայրենականի 80-ամյակին նվիրված այս իրադարձությունը միայն տուրք չէ մեր նախնիների մեծ սխրանքի հիշատակին, այլև՝ կարևոր գիտամանկավարժական հարթակ՝ տարբեր երկրների հետազոտողների, մանկավարժների, կրթության կառավարիչների, ուսանողների և երտասարդ գիտնականների համար։

Ասամբլեայի թեմայի ընտրությունը՝ «Հաղթանակի դպրոց»-ը, խորապես խորհրդանշական է։ Մեծ հայրենականի հաղթանակը միայն մարտական սխրանք չէ, այլև՝ ոգու ուժի դաստիարակության արդյունք, որ ձևավորվում էր խորհրդային դպրոցում։ Դպրոց, որ ձևավորում էր անհատներ՝ պատրաստ ինքնազոհության, աշխատանքի և հայրենիքին ծառայելու։

Այսօր, երբ աշխարհը բախվում է տեխնոլոգիական, գաղափարախոսական և հումանիտար գլոբալ մարտահրավերների, մենք առավել քան երբևէ զգում ենք բարոյական, մշակութային և գիտական ինքնությունը պահպանելու կարևորությունը։ Հենց այդ ամուր հենքի վրա է կառուցվում կրթական ռազմավարությունը՝ ունակ ձևավորելու մարդասիրական և տեխնոլոգիական առաջընթաց ապրող հասարակություն։

Ասամբլեան դառնում է նշանակալի հարթակ՝ սերունդների և մասնագիտական հանրույթների միջև երկխոսության։

Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, հարգում և պահպանում է սերունդների սխրանքի մասին հիշատակը։ Մենք վստահ ենք, որ հենց պատմության, մշակույթի և գիտության հարգանքի վրա հիմնված կրթությունն է հուսալի հենքը՝ խաղաղության, առաջընթացի և համագործակցության համար։

Ասամբլեայի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, ոգեշնչում և մասնագիտական նոր հորիզոններ»։

Տեսանյութը հասանելի է այստեղ․ 

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին