Գլխավոր էջ





Կայուն զարգացման դերը կարևորող միջազգային գիտաժողով՝ Երկիր մոլորակի օրը

Ապրիլի 22, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում 2025թ. ապրիլի 22-ին  անցկացվեց գիտաժողով՝ նվիրված կանաչ տնտեսության մարտահրավերներին: Միջազգային գիտաժողովի խորագիրն էր՝ «Կանաչ տնտեսության մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում»։ Այն կազմակերպվել էր Հյուսիսային համալսարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով խթանել գիտակրթական համագործակցությունն ու գիտահետազոտական քննարկումները կայուն զարգացման օրակարգի շուրջ։

Գիտաժողովի համանախագահներն էին ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը և Հյուսիսային համալսարանի՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյանը։

«Կանաչ տնտեսությունը մեր ժամանակի կարևորագույն օրակարգերից է, իսկ կայուն զարգացումը տնտեսության բոլոր ոլորտներին է վերաբերում: Որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մենք կարևորում ենք գիտահետազոտական դաշտի ներգրավվածությունը այս քննարկումներում՝ ապագա մասնագետների մտածողությունը ձևավորելու և նոր՝ կանաչ մոտեցումներ առաջարկելու նպատակով»,– նշեց Ատոմ Մխիթարյանը։ Իսկ պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանն ընդգծեց «Կայուն զարգացման համատեքստում կանաչ տնտեսությունը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական և կրթական բաղադրիչները։ Այս գիտաժողովը հարթակ է՝ փորձի փոխանակման և գիտական նոր գաղափարների ձևավորման համար»։

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին կանաչ տնտեսության ներդրման քաղաքական ուղղությունները, կրթության դերը բնապահպանական արժեքների ձևավորման մեջ, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացման հնարավորությունները։

Միջազգային գիտաժողովի աշխարհագրությունը լայն էր․ այն ներառում էր 9 երկիր՝ Հայաստան, Ռումինիա, Իսպանիա, Վրաստան, Լիտվա, Իրան, Իտալիա, Չինաստան և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին