ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն՝ Global Education Expo 2026-ի մասնակից
Մայիսի 20, 2026
Ս․թ․ մայիսի 14-15-ին ԳԱԱ նախագահության հարկի ներքո կայացավ Global Education Expo 2026-ը, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ)։
ԳԿՄԿ թիմը ներկայացավ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ՈւԽ և ՈւԳԸ անդամների ներկայցուցիչներով։ ԳԿՄԿ-ի մասնակցությունը համակարգվեց ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից՝ ի դեմս բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի։
Ինչպես նախորդ ցուցահանդեսներին, այս անգամ ևս ԳԿՄԿ տաղավարն աչքի ընկավ թարմացված բաշխիչ նյութերով և ինքնատիպ անակնկալներով։ Հատկապես մեծ արձագանք գտավ և կազմակերպիչների բարձր գնահատականին արժանացավ նվեր քարտերի փաթեթը, որը ներառում էր գիտակրթական բնույթի բացառիկ հնարավորություններ, այսպես՝
- գիտաճանաչողական էքսկուրսիաներ (2 անձի համար) Ինժեներական քաղաքում, Բուսաբանական այգում կամ Երկրաբանական թանգարանում՝ դրանց կից գործող ԳԿՄԿ ամբիոնների դասախոսների և մագիստրանտների մասնագիտական ուղեկցությամբ,
- զեղչեր՝ ԳԿՄԿ Օտար լեզուների ակումբի դասընթացներից օգտվելու համար,
- մասնակցության հնարավորություն՝ ԳԿՄԿ ներբուհական սեմինարներին,
- խորհրդատվական ծառայություններ՝ ԳԿՄԿ հոգեբանության և բիզնես լաբորատորիաների հնարավորություններից օգտվելու ձևով,
- գենետիկական հետազոտություն՝ ԳԿՄԿ մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնում Whole Exome Sequencing (WES) հետազոտություն անցնելու բացառիկ հնարավորություն։
Կենտրոնի տաղավարի հյուրն էր խելացի արջուկը, որ Իրական դպրոցի սաների հետ համագործակցությամբ ստեղծել էին ԳԿՄԿ «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագրի ուսանողները։ Արջուկը, որ ԳԿՄԿ մագիստրանտների բազմաթիվ նորարարություններից մեկն էր միայն, կարողանում էր խոսել՝ պատասխանելով իրեն տրված հարցերին՝ հատուկ ուշադրության արժանանալով ԳԿՄԿ տաղավարի այցելուների կողմից։
Տաղավարում տեղ էին գտել 3 պաստառներ, որոնցից մեկը ընդհանրական ձևով ներկայացնում էր ԳԿՄԿ-ն, մյուս 2-ը ներկայացնում էին ԳԿՄԿ միջազգային կապերը և հանրապետությունում եզակի մագիստրոսական կրթական ծրագիրը՝ «Ավիատիեզերական սարքաշինություն»-ը, որ հաճելիորեն զարմացնում էին տաղավարի այցելուներին։ ԳԿՄԿ պաստառներից ևս մեկը, որ տեղադրված էր միջանցքում, հիշեցում էր այն մասին, որ ընթացքի մեջ է վերջերս մեկնարկած EU Bridge միջազգային ծրագիրը, որի համակարգող բուհը ԳԿՄԿ-ն է։
Երկօրյա էքսպոյի օրերին ԳԿՄԿ տաղավարը հյուրընկալեց բազմաթիվ այցելուների, որոնք ունեին ամենատարբեր մասնագիտական հետաքրքրություններ և կրթական տարբեր աստիճաններ։ ԳԿՄԿ անձնակազմը սիրով պատասխանեց նրանց հարցերին՝ ծանոթացնելով Կենտրոնի կրթական ծրագրերի և միջազգային շարժունության հնարավորությունների ամենավերջին թարմացումներին։ Շատ այցելուների համար ԳԿՄԿ տաղավարն ունեցավ ոչ միայն տեղեկատվական, այլև ճանաչողական-ուսուցողական նշանակություն։
Տաղավարի մթնոլորտն առավել աշխուժանում և ջերմանում էր ավանդական դարձած խաղարկությամբ, որի շրջանականերում շատերը ԳԿՄԿ տաղավարից հեռացան հուշանվեր գրենական պիտույքներով, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի ամսագրով, որը հրատարակվում է ԳԿՄԿ-ի մասնակցությամբ, ինչպես նաև նվեր քարտերով։
Միավորելով ակադեմիական արժեքները, արդիականը, միջազգայինը՝ սա էր Global Education Expo 2026-ին ԳԿՄԿ նշանաբանը։
Ավելի շատ լուսանկարներ տե՛ս «Պատկերասրահ» բաժնում։
Լուսաբանող տեսանյութը հասանելի է այստեղ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին




