ԳԿՄԿ-ում կայացավ միջազգային գիտաժողովը
Ապրիլի 17, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ս․թ․ ապրիլի 16-ին կայացավ միջազգային գիտաժողով՝ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով։ Այն Հյուսիսային համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպված երրորդ միջազգային գիտաժողովն էր։ Գիտաժողովի համանախագահներն էին ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը և Հյուսիսային համալսարանի՝ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյանը։
Գիտաժողվն անցավ հիբրիդային ձևաչափով (առկա, առցանց)՝ հնարավոր դարձնելով արտերկրից զեկույցով և ունկնդրի կարգավիճակով առցանց մասնակցությունը։
Օրակարգում ընդգրկված էր 12 գիտական զեկույց՝ շուրջ երկու տասնյակ հեղինակների կողմից ներկայացված։ Գիտաժողովի աշխարհագրությունը՝ 6 երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Չինաստան, Սինգապուր, Իտալիա, Եգիպտոս։
Արծարծվեց հարցերի բազմաոլորտ շրջանակ՝ ներառելով բանկերին, աուդիտին, կրթությանը, կառավարմանը, արհեստական բանականությանը, մեդիային առնչվող հիմնահարցեր։
Նիստն անցավ ակտիվ և կառուցողական քննարկումների միջավայրում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և նոր գաղափարների ձևավորմանը։
Ամփոփելով գիտաժողովը՝ համանախագահները գիտաժողովի ընթացքը գնահատեցին դրական ու արդյունավետ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին բերած հետաքրքիր գաղափարների և գիտական համագործակցության համար։ Ա․Ճուղուրյանը շնորհակալություն հայտնեց նաև ԳԿՄԿ տնօրենությանը՝ գիտաժողովի կայացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու և արդյունավետ համագործակցության համար։
Նշվեց, որ գիտաժողովում զեկույց ներկայացրածներին կտրվեն մասնակցության հավաստագրեր, իսկ գրախոսման փուլը հաղթահարած հոդվածներն անվճար կտպագրվեն Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական պարբերականում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

