Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները մասնակցեցին ԱՊՀ կրթական կենտրոնների ցանցի ձևավորման աշխատանքային խմբի նիստին

Ապրիլի 18, 2026

Սույն թ. ապրիլի 17-ին կայացավ ԱՊՀ անդամ պետությունների գիտական հաստատություններում կրթական կենտրոնների ցանցի ձևավորման աշխատանքային խմբի առցանց նիստը, որին ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչները։
Նիստը կազմակերպվել էր Ղրղզստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ նպատակ ունենալով ձևավորել կրթական և գիտական համագործակցության միասնական հարթակ ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար։
Աշխատանքային խմբում հայկական կողմից ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը և Ասպիրանտուրայի բաժնի պետ Կարինե Բեգոյանը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներկայացուցիչները նիստի ընթացքում հանդես եկան մասնագիտական դիտարկումներով և առաջարկներով՝ ընդգծելով կրթական ծրագրերի համակարգման, երիտասարդ գիտնականների շարժունակության խթանման և թվայնացված հարթակների զարգացման կարևորությունը։ Նիստի օրակարգը ներառում էր կրթական միասնական ցանցի ձևավորման և արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված հիմնարար հարցեր։
Նիստը կարևոր էր ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման առումով։ Քննարկումների արդյունքում ընդգծվեց միասնական թվային կրթական միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա համակարգված ձևով ներկայացնել կրթական ծրագրերը, փորձի փոխանակումները և գիտական նախաձեռնությունները։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մասնակցությունն այս գործընթացում կարևոր նշանակություն ունի՝ ապահովելով Կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային գիտակրթական համագործակցության նոր ձևաչափերում և նպաստելով երիտասարդ գիտնականների միջազգային ինտեգրմանը։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին