Գլխավոր էջ





Ասպիրանտական Erasmus+ շարժունություն Հռոմում

Նոյեմբերի 17, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)՝ «Լազերային ֆիզիկա» մասնագիտությամբ ասպիրանտ Մերի Մարգարյանը երկու անգամ (2024-2025, 2025-2026 ուստարիներ) ասպիրանտական Erasmus+ շարժունություն է ունեցել Միջազգային տելեմատիկ համալսարանում (Հռոմ)։ Հարցազրույցը՝ նրա երկրորդ շարժունության մասին։

 

– Մերի՛, ինչու՞ որոշեցիր կրկնակի մասնակցել Erasmus+ շարժունության ծրագրին։

– Առաջին շարժունության ընթացքում ես սիրահարվել էի իտալական մշակույթին, ոգեշնչվել նրանով։ Երբ նորից նման հնարավորություն ընձեռվեց, առանց վարանելու՝ կրկին դիմեցի ու անցա։

– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։

– Այսպիսի ծրագրերում արժեքների փոխանակումը տեղի է ունենում բնական ճանապարհով․ ես պարզապես փորձեցի լինել բաց, աշխատասեր և ըստ արժանվույն ներկայացնել այն գիտական ու մշակութային միջավայրը, որտեղ ձևավորվել եմ։

– Ի՞նչ ստացար հյուրընկալող համալսարանում և Իտալիայում։

– Ակադեմիական տեսանկյունից՝ հյուրընկալող համալսարանում ունեցա բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ և գիտական քննարկումներ պրոֆեսորների հետ։ Ես մասնակցեցի ասպիրանտների համար նախատեսված մաթեմատիկական ֆիզիկայի հատուկ դասընթացին, որը վարում էր պրոֆեսոր Էնցո Օրսինգերը։ Բացի այդ՝ իմ երկրորդ Erasmus+ շարժունության ընթացքում երկու անգամ մասնակցեցի գիտաժողովների․ հենց պրոֆեսորի առաջարկով երկարաձգեցինք իմ՝ Իտալիայում գտնվելու ժամկետը, որպեսզի կարողանամ մասնակցել դրանց։ Թեև զեկույցները հիմնականում իտալերեն էին, սա տեղի գիտական համայնքի հետ շփվելու և փորձի փոխանակման հաջողված հնարավորություն էր։ Միևնույն ժամանակ Իտալիայում ես սովորեցի լիարժեք հանգստանալու արվեստը, մանրուքների մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը և, առանց ավելորդ լարվածության, ավելի հանգիստ ու ներդաշնակ մթնոլորտում արդյունավետ աշխատելու հմտությունը։

– Ո՞րն է հետազոտական թեզիդ վերնագիրը, և ի՞նչ նշանակություն ունեցավ Իտալիա մեկնելդ թեկնածուական թեզիդ պատրաստման հարցում։

– Թեկնածուական թեզիս վերնագիրն է՝ «Դիրակի նյութերի գրգռումը օպտիկական դաշտերով»։ Իմ թեման սերտորեն կապված է այն դասախոսությունների և հետազոտական դասընթացների հետ, որոնք ուսումնասիրել եմ հյուրընկալող համալսարանում։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ այցի ընթացքում ուսումնասիրության հիմնական առարկան Հոյնի ֆունկցիաներն (Heun functions) էին, ինչը շատ կարևոր դեր ունեցավ թեզիս տեսական հիմքերի խորացման և հետազոտական աշխատանքների առաջխաղացման գործում։

– Համեմատի՛ր քեզ Erasmus+ ծրագրին մասնակցելուց առաջ և հետո։

– Ծրագրին մասնակցելուց հետո դարձել եմ շատ ավելի ինքնավստահ, մասամբ հաղթահարել եմ բեմի և լսարանի առաջ ելույթ ունենալու վախը։ Հասկացել եմ, որ իմ հնարավորությունները սահմանափակված չեն, և այն ամենը, ինչին իսկապես ձգտում եմ, իրագործելի է։

– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։

– Կարծում եմ՝ նման ծրագրերին մասնակցելը չափազանց կարևոր է ուսանողների համար՝ ոչ միայն մասնագիտական և կարիերայի առաջընթացի, այլև անձնային աճի ու մշակութային զարգացման տեսանկյունից։ Իտալիան այնպիսի վայր է, որտեղ մշակույթն ու պատմությունը քայլում են ձեռք ձեռքի տված՝ ամեն քայլափոխի հարստացնելով մարդու ներաշխարհը։

– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։

– Լիովին գոհ եմ։ Այս փորձառությունը դարձավ ոչ միայն իմ կյանքի մի մասը, այլև նրա կարևոր ու անբաժանելի բաղկացուցիչը։

– Ինչպե՞ս և որտե՞ղ ես պատրաստվում կիրառել ԳԿՄԿ-ում և Իտալիայում ստացածդ մասնագիտական գիտելիքն ու փորձը։

– ԳԿՄԿ-ում և Իտալիայում ձեռք բերած գիտելիքներս ու փորձս արդեն իսկ կիրառում եմ իմ գիտական հետազոտություններում և պատրաստվում եմ զարգացնել դրանք Իտալիայում, քանի որ վերջերս ընդունվել եմ UNINETTUNO համալսարանի ասպիրանտուրա (PhD ծրագիր)՝ շարունակելով մաթեմատիկական մոդելավորման և Հոյնի ֆունկցիաների ուղղությամբ աշխատանքներս։

– Ի՞նչ խորհուրդ կտաս մյուս ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել նման ծրագրերի։

– Խորհուրդ կտամ չվախենալ, դուրս գալ հարմարավետության գոտուց և վստահել սեփական ուժերին։


 

Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի

և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը