Գլխավոր էջ





Մագիստրոսական դիպլոմների հանդիսավոր հանձնում Երկրաբանության և Կառավարման ամբիոնների շրջանավարտներին

Սեպտեմբերի 17, 2025

2025թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դահլիճում դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն էր։

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, համապատասխան ամբիոնների վարիչները և որոշ դասախոսներ։

Դիմելով շրջանավարտներին՝ տնօրենը, մասնավորապես, նշեց․ «Սիրելի՛ շրջանավարտներ, այստեղ ստացած ձեր գիտելիքները արդիական են և շատ կարևոր։ Հուսով եմ, որ այն կկիրառեք ձեր հետագա մասնագիտական  գործունեության ընթացքում, ինչպես նաև կփորձեք ձեր խոսքն ասել գիտության ոլորտում։ Եղե՛ք միշտ նախաձեռնող և նորարար՝ մշտապես կապը պահպանելով Կենտրոնի հետ»։

Տնօրենը հորդորեց մշտապես բարձր պահել ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի անունը՝ տարածելով իրենց փոխանցված ակադեմիական բարձր արժեքները։

Արտահայտվեցին նաև Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը։

Դիմելով Երկրաբանության ամբիոնի շրջանավարտներին՝ Լ․Սարգսյանը նշեց․ «Մենք շատ հպարտանում ենք ձեր հաջողություններով և հուսով ենք, որ այստեղ ստացած ձեր գիտելիքները մասնագիտական նոր ճանապարհներ կբացեն ձեր առջև։ Մնացե՛ք նույնքան եռանդուն և հետաքրքրասեր, որքան եղել եք ձեր ուսման ընթացքում։ Վստահ եմ, որ մեր ամբիոնի անունը դուք կպատվեք ձեր ապագա գործունեությամբ»։

Կ․ Սարգսյանը կառավարման ամբիոնի շրջանավարտներին ուղղված իր շնորհավորական ուղերձում վստահություն հայտնեց, որ ստացած գիտելիքները հաջողությամբ են կիրառվելու աշխատանքում, և մաղթեց  մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Նա շնորհավորեց նաև ամբիոնի դասախոսներին՝ որակյալ շրջանավարտներ թողարկելու առթիվ։

Երկրաբանության ամբիոնից շնորհավորական ուղերձ հղեցին նաև Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ․Մելքիսեթյանը և Ղ․Գալոյանը։ Խ․Մելիքսեթյանն իր խոսքում ընդգծեց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի միջև ձևավորված գիտակրթական համագործակցության արդյունավետ լինելը՝ նշելով, որ, շնորհիվ ԳԿՄԿ-ի Երկրաբանության ամբիոնի, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կադրերը նկատելիորեն երիտասարդացել են՝ գրանցելով մասնագիտական լուրջ հաջողություններ։

Արտահատվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով իրենց դասախոսներին և Կենտրոնի վարչակազմին՝  ստացած հարուստ գիտելիքների, մարդկային վերաբերմունքի և բարենպաստ միջավայրի համար։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին