Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն՝ «Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության․ դեպի ԿԲԿ COP17» նախաձեռնության համակազմակերպիչ

Հունիսի 16, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ), հավատարիմ մնալով բնապահպանական կրթության խթանման և գիտական ներուժի զարգացման իր առաքելությանը, միացել է նոր նախաձեռնության։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկել է «Երիտասարդությունը հանուն կենսաբազմազանության դեպի ԿԲԿ COP17» ծրագիրը։

Նախաձեռնության շրջանակում մեկնարկել է մարզային վերապատրաստումների շարք, որի նպատակն է՝ ՄԱԿ-ի Կենսաբանական կոնվենցիայի անդամ երկրների 17-րդ համաժողովին ընդառաջ (COP17 - Conference of the Parties 17) զարգացնել երիտասարդների գիտելիքները, խթանել ակտիվ մասնակցությունը կենսաբազմազանության պահպանությանը։

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է WWF Հայաստանի կողմից:

ԳԿՄԿ մասնագիտական ներգրավվածությունը

Ծրագրի բովանդակային և գիտակրթական բաղադրիչի ապահովման նպատակով ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ներգրավված է Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնը՝ ամբիոնի վարիչ, կ․գ․թ․, դոցենտ Ալլա Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ամբիոնի մասնագիտական ներուժն ու փորձառությունը կենսական նշանակություն ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական գրագիտության բարձրացման գործում։

ԳԿՄԿ մասնագետների անմիջական ներգրավվածությամբ իրականացվող դասընթացներն ու գործնական սիմուլյացիաները միտված են ձևավորելու երիտասարդների նոր համայնք, որն ունակ կլինի ակտիվորեն մասնակցելու բնապահպանական որոշումների կայացմանն ու կենսաբազմազանության պահպանության աշխատանքներին:

Ծրագրի ընթացքն ու աշխարհագրությունը

Առաջին դասընթացներն արդեն հաջողությամբ անցկացվել են Արմավիր, Վայք, Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներքո գործող համայնքային երիտասարդական կենտրոններում։

Առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի 20 երիտասարդական կենտրոնների շուրջ 400 երիտասարդ հնարավորություն կունենա մասնակցելու.

  • կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ դասընթացների,
  • ինտերակտիվ ուսուցողական խաղերի,
  • միջազգային բնապահպանական գործընթացների և բանակցային սիմուլյացիաների։

Ծրագրի ընթացքում առավել ակտիվ և ներգրավված մասնակիցները հնարավորություն կստանան իրենց գիտելիքներն ընդլայնելու WWF Հայաստանի կողմից նախաձեռնվող միջազգային գործընկերների համատեղ մեծամասշտաբ աշխատարանի  շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն շարունակում է իր ակտիվ դերակատարումը նախագծի բոլոր փուլերում՝ նպաստելով Հայաստանում կայուն բնապահպանական ապագայի կերտմանը:

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին