Ֆոկուս-խմբային քննարկումներ ERASMUS+ EU Bridge նախագծի շրջանակներում
Հունիսի 15, 2026
ERASMUS+ EU Bridge նախագծի շրջանակում, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից մշակված ֆոկուս-խմբային քննարկման մեթոդաբանության, ուղեցույցի և հարցաշարի հիման վրա, ծրագրի գործընկեր Վանաձորի ՀԿ Կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց ֆոկուս-խմբային քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և գործատուների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և տեսակետներով՝ անդրադառնալով եվրոպական ծրագրերի մշակման, կառավարման և իրականացման ոլորտում առկա մարտահրավերներին, կարիքներին և զարգացման հնարավորություններին։
Հավաքագրված առաջարկություններն ու դիտարկումները կնպաստեն EU Bridge նախագծի առանցքային արդյունքների մշակմանը, մասնավորապես՝ Պիլոտային ակադեմիայի, Նորարարական լաբորատորիայի և թվային համագործակցային հարթակի բովանդակային և գործառութային ձևավորմանը։
Նախագիծը շարունակում է խթանել բարձրագույն կրթության, քաղաքացիական հասարակության և աշխատաշուկայի ներկայացուցիչների միջև համագործակցությունը՝ նպաստելով եվրոպական դրամաշնորհային ծրագրերում արդյունավետ ներգրավվածության կարողությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ ERASMUS+ EU Bridge («EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia») նախագիծը համակարգվում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից և իրականացվում է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի վեց գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ։

