Մագիստրոսական դիպլոմներ ստացավ ԳԿՄԿ հոգեբանության և արևելագիտության ամբիոնների ևս մեկ սերունդ
Հուլիսի 15, 2025
Ս․թ․ հուլիսի 14-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն էր։ Հերթը ԳԿՄԿ հոգեբանության և արևելագիտության ամբիոնների նորընծա մագիստրոսներինն էր։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն և հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը և ԳԿՄԿ արևելագիտության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ղազարյանը։
Ն․ Հակոբյանը, շնորհավորելով բոլորին, մասնավորապես՝ իր ղեկավարած ամբիոնի շրջանավարտներին, մաղթեց նրանց կանաչ և բեղմնավոր ճանապարհ, մասնագիտական ոլորտում նորանոր ձեռքբերումներ։ Հիշեցրեց, որ Կենտրոնում առկա է նաև ասպիրանտական և հայցորդական ինստիտուտ՝ հույս հայտնելով, որ օրվա շրջանավարտների շարքում կլինեն գիտության ուղին բռնելու ցանկություն ունեցողներ։
Ա․ Մխիթարյանը, շնորհավորելով շրջանավարտներին և մասնագիտական ճանապարհին նորանոր նվաճումներ մաղթելով, նշեց, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի մագիստրոս լինելը միանգամայն այլ խորհուրդ պիտի ունենա ցանկացած շրջանավարտի համար՝ հույս հայտնելով, որ ՀՀ ԳԱԱ-ն նրանցից յուրաքանչյուրի համար կլինի մշտական պատկառանքի առարկա, ինչպիսին իր համար է այն իր պատանեկությունից առ այս պահը։
Ռ․ Ղազարյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին և նորանոր ձեռքբերումներ մաղթելով, հորդորեց նոր բան սովորելու ցանկությունը միշտ վառ պահել և մշտապես լինել այնպիսի մարդկանց միջավայրում, որոնցից նոր բան սովորելու հնարավորություն կունենան։ Նա հույս հայտնեց, որ ակադեմիական գիտելիքներով զինված ներկայիս շրջանավարտները կկարողանան իրենց աշխատանքային, մասնագիտական ոլորտներում և կյանքում առհասարակ դառնալ դրական փոփոխությունների աղբյուր։
Շնորհակալական խոսք հնչեցրին նաև շրջանավարտները՝ երախտագիտություն հայտնելով Կենտրոնի ողջ անձնակազմին և մասնավորապես՝ իրենց ամբիոններին՝ ամբիոնների վարիչների գլխավորությամբ, իրենց փոխանցած հարուստ և մրցունակ գիտելիքների, մասնագիտական և մարդկային պատրաստակամության, ինչպես նաև ջերմ վերաբերմունքի համար։
Ավելի շատ լուսանկարներ՝ «Պատկերասրահ․ Դիպլոմների հանդիսավոր հանձնում 2025» բաժնում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին