Գլխավոր էջ





«Զբոսավարների դպրոց»-ի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները

Փետրվարի 13, 2026

Ս․թ․ փետրվարի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) հանդիսավորությամբ ամփոփվեցին «Զբոսավարների դպրոց» լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի արդյունքները։ Այն իրականացվել է ԳԿՄԿ-ի և «Русский дом»-ի համագործակցությամբ։

Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը։ Նա ողջունեց ներկաներին և ծրագրի հաջողած մասնակիցներին, ներկայացրեց «Զբոսավարների դպրոց» ծրագրի գրանցած արդյունքերը։ Նշվեց, որ ծրագրի 25 մասնակիցներից իրենց ավարտական նախագծերը հաջողությամբ պաշտպանել և ավարտել են 13-ը միայն՝ արժանանալով պետական նմուշի վկայականների և հավաստագրերի՝ լրացուցիչ կրթության մոդուլային  ծրագրի համար։ Ա․Պապիկյանն իր խոսքում ընդգծեց․ «Զբոսավարների դպրոցը դարձավ կարևոր քայլ հայ-ռուսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ զբոսաշրջության ոլորտում»։

Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը՝ նշելով․ «Այսօր կարևոր օր է, քանի որ մենք հավաքվել ենք այստեղ որպեսզի նշենք այն արդյունքները, որ մենք գրանցել ենք «Զբոսավարների դպրոց» լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի շրջանակներում», «Քանի որ զբոսաշրջության  դերը շատ կարևոր է ՀՀ տնտեսության զարգացման գործում, ուստի շատ կարևոր էր այս նախաձառենությունը կյանքի կոչելը՝ նպաստելով զբոսավարների գիտելիքների և փորձառության հարստացմանը և  ծառայությունների պրոֆեսիոնալ և բարձր մակարդակով մատուցմանը»։

Կատարելով պատմական ակնարկ՝ տնօրենը հիշատակեց մի քանի ուշագրավ դրվագ, մասնավորապես այն, որ ծրագրի առաջարկի հեղինակը ԳԿՄԿ դասախոս Լիլիթ Ասոյանն է եղել, ծրագրի մեկնարկը տրվել է ուղիղ մեկ տարի առաջ, և ծրագրին մասնակցել են նաև  Գյումրիի զբոսավարները, ովքեր հետագայում զբոսաշրջիկներին ըստ արժանավույն կներկայացնեն Գյումրիի պատմամշակութային տեսարժան վայրերը։

Շնորհավորելով մասնակիցներին՝ տնօրենը հույս հայտնեց, որ նրանք կկարողանան ստացած գիտելիքներն ու հմտությունները լավագույնս դրսևորել գործնականում՝ ի նպաստ Հայաստանի՝ որպես զբոսաշրջային գրավիչ երկրի, պատշաճ ներկայացման։

Ավարտելով իր խոսքը՝ տնօրենը շնորհակալություն հայտնեց «Русский дом»-ի գործընկերներին հաջող համագործակցության համար և հույս հայտնեց, որ միմյանց հետ համագործակցելու առիթներ դեռ կլինեն։

Հանդիսությանը ներկա էր նաև ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ում անմիջական և հետևողական համակարգման ներքո է իրականացվել ծրագրի ողջ գործընթացը։

«Русский дом»-ի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ «Россотрудничествo»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։ Ծրագրի հաջող իրականացման համար նա շնորհակալություն հայտնեց ԳԿՄԿ տնօրենին, ծրագրի դասախոսներին և ԿԳՄՍՆ-ին։

Անդրադառնալով ծրագրի կարևորությանը և նպատակին՝ նա նշեց, որ, ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ զբոսաշրջիկների 41 %-ը Ռուսաստանից է, ինչը մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ է՝ տարվա կտրվածքով։ Ապա ընդգծեց․ «Նրանք արժանի են, որ գեղեցիկ, ինքնատիպ, հին ու իմաստուն երկրի մասին տեղեկատվությունը ներկայացվի հետաքրքիր և ճշմարտացի ձևով։ Հայաստանը արժանի է, որ նրա մասին իմանա ողջ աշխարհը, ներառյալ ռուսախոս զբոսաշրջիկներն ու հյուրերը»։

Ողջույնի մասից հետո կայացավ վկայականների և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին