Erasmus+ պատմություն Բոլոնիայի համալսարանում
Նոյեմբերի 12, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Արևելագիտություն» մասնագիտության մագիստրոս Սանամ Դավթյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակում 1 կիսամյակ ուսանել է Բոլոնիայի համալսարանում (Իտալիա)։ Հարցազրույցը նրա տպավորությունների մասին է։
– Սանա՛մ, որքանո՞վ էր քեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։
– Դա ինձ համար շատ սպասված ու կարևոր իրադարձություն էր։
– Ինչու՞ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։
– Որոշեցի մասնակցել շարժունության ծրագրին, քանի որ մեծապես հետաքրքրված էի եվրոպական կրթությամբ, դրա ավանդույթներով, հատկապես՝ դասավանդման մեթոդաբանությամբ։
– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։
– Հնարավորություն ունենալով Եվրոպային ներկայացնելու Հայաստանը՝ այն ներկայացրի դասընթացի շրջանակում՝ պատմական և մշակութային ժառանգության տեսանկյունից։ Պետք է նշեմ, որ տվյալ լսարանը միայն Եվրոպան չէ, որ ներկայացնում էր․ աշխարհի տարբեր երկրներից ուսանողներ կային։
– Ի՞նչ տեսար և ստացար Բոլոնիայի համալսարանում։
– Բոլոնիայի համալսարանում տեսա այն ամենը, ինչն արդարացնում էր իմ սպասելիքները՝ շուրջ հազարամյա համալսարանի հարուստ կրթական ավանդույթներ և ջերմ ընդունելություն։ Այս համալսարանում ստացա խոր գիտելիքներ՝ իմ ընտրած մասնագիտության (դիվանագիտություն) շրջանակներում։
– Ի՞նչ կպատմես կրթության կազմակերպման մեթոդների մասին։
– Ընտրված դասընթացները անցկացվում էին ավանդական դասախոսությունների միջոցով, որոնց ընթացքում կարևոր տեղ էր հատկացված բանավոր քննարկումներին և վերլուծություններին։ Այդպիսով կայուն գիտելիքն ապահովվեց նաև գործնական հմտություններով։
– Ի՞նչ բերեցիր քեզ հետ որպես ոչ նյութական արժեք՝ որպես գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։
– Բոլոնիայի համալսարանից ինձ հետ բերեցի այն համոզմունքը, որ ուսումնառությունը երբեմն կարող է նաև վերածվել հաճելի զբաղմունքի։ Բոլոնիայից վերադառնալուց հետո հասկացա, որ սկսել եմ ցանկացած հարցի այլ կերպ նայել՝ ավելի հեռվից, ավելի վերևից, լայն ընդգրկմամբ։
– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։
– Ես շատ եմ գոհ․ գոհունակությունս և շնորհակալությունս եմ հայտնում այս գործընթացի կազմակերպիչներին՝ ինձ վստահելու համար։
– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։
– Կարևոր և անհրաժեշտ եմ համարում, որ հայ ուսանողը գեթ մեկ անգամ անցնի այս ճանապարհով։ Խորհուրդս է՝ անպայման մասնակցել նման ծրագրերի, մանավանդ որ արժեքավոր ուսուցումը կարելի է համատեղել ճամփորդական հիասքանչ հնարավորությունների հետ։
Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի
և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը

