Գլխավոր էջ





Erasmus+ պատմություն Տուշայի համալսարանում

Նոյեմբերի 12, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Գործարար վարչարարություն» մասնագիտության մագիստրանտ Նարե Դանիելյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակում 1 կիսամյակ ուսանել է Տուշայի համալսարանում (Իտալիա)։ Հարցազրույցը նրա տպավորությունների մասին է։

 

– Նարե՛, որքանո՞վ էր քեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։

 

– Միջազգային շարժունության ծրագրին մասնակցելը ինձ համար պարզապես արտերկրում սովորելու հնարավորություն չէր․ ես ցանկանում էի դուրս գալ ինձ արդեն ծանոթ միջավայրից, փորձել ուժերս միջազգային հարթակում, ձեռք բերել նոր գիտելիքներ և ծանոթանալ կրթական այլ համակարգի։ Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ մասնակցելու ծրագրին և ուսումս շարունակելու Իտալիայի Տուշայի համալսարանում, դա ինձ համար շատ սպասված և ոգևորիչ իրադարձություն էր։

 

– Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել շարժունության ծրագրին։

– Մասնակցելու իմ հիմնական շարժառիթը մասնագիտական և անձնական զարգացումն էր։ Կարծում եմ՝ համալսարանական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն լսարանով և դասագրքերով։ Շատ կարևոր է հնարավորություն ունենալ գիտելիքը ստանալու տարբեր կրթական միջավայրերում, համեմատելու ուսուցումը և սեփական փորձով հասկանալու, թե ինչպես են աշխատում այլ երկրների համալսարանները։

Բացի այդ՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել իտալական մշակույթը, շփվել տարբեր ազգությունների ուսանողների հետ, բարելավել օտար լեզուների իմացությունը և սովորել ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ցանկանում էի վերադառնալ ոչ միայն նոր գիտելիքներով, այլև ավելի ինքնուրույն, վստահ և փորձառու։

 

– Ի՞նչ տարար քեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։

Ես ինձ հետ տարել էի իմ հայկական ինքնությունը, մեր մշակույթը, ավանդույթները, լեզուն և այն արժեքները, որոնցով մեծացել եմ։ Միաժամանակ ցանկանում էի ներկայացնել հայ երիտասարդի կերպարը՝ հետաքրքրասեր, նպատակասլաց, աշխատասեր և նոր հնարավորություններին պատրաստ։

 

– Ի՞նչ տեսար հյուրընկալած համալսարանում, Իտալիայում և ուղևորությանդ ընթացքում այցելածդ երկրներում։

Տուշայի համալսարանում առաջին հերթին տպավորվեցի միջազգային միջավայրով։ Այնտեղ սովորում էին տարբեր երկրներից ժամանած ուսանողներ, և ամեն օր հնարավորություն ունեի շփվելու տարբեր մշակույթներ, մտածելակերպեր և փորձառություններ ունեցող մարդկանց հետ։

Իտալիան ինձ համար բացահայտվեց ոչ միայն որպես գեղեցիկ ճարտարապետություն և պատմական հուշարձաններ ունեցող երկիր, այլև որպես յուրահատուկ կենսակերպ։ Վիտերբոն՝ իր պատմական միջավայրով, հանգիստ մթնոլորտով և մարդկանց ջերմ վերաբերմունքով, դարձավ իմ առօրյա կյանքի մի մասը։

Ուսման ընթացքում նաև հնարավորություն ունեցա այցելելու եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Իսպանիա, Չեխիա, Հունգարիա և Ավստրիա։ Յուրաքանչյուր երկիր ուներ իր առանձնահատկությունները։ Այդ ճանապարհորդությունները հնարավորություն տվեցին ավելի լավ հասկանալու եվրոպական բազմազանությունը, մարդկանց կենսակերպը, մշակույթը և տարբեր հասարակությունների արժեքները։

 

– Ի՞նչ ստացար հյուրընկալած համալսարանում։

Տուշայի համալսարանում ստացա ինչպես մասնագիտական գիտելիքներ, այնպես էլ շատ կարևոր գործնական փորձ։ Իմ ուսումնական ծրագրի շրջանակում ուսումնասիրեցի մարքեթինգին, բիզնեսին, զարգացման տնտեսագիտությանը և միջազգային դրամավարկային հարաբերություններին վերաբերող առարկաներ։

Հատկապես կարևոր էր այն, որ հնարավորություն ունեցա ծանոթանալու բիզնեսի և կառավարման ոլորտում կիրառվող եվրոպական մոտեցումներին։

 

– Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով տրվեց քեզ այդ ամենը։

– Ուսումնական գործընթացը բավականին բազմակողմանի էր։ Դասերը միայն դասախոսի կողմից նյութի ներկայացմամբ չէին սահմանափակվում․ կիրառվում էին քննարկումներ, անհատական և խմբային աշխատանքներ, ներկայացումներ, գործնական առաջադրանքներ և տարբեր իրավիճակների վերլուծություններ։

Հատկապես կարևորում եմ խմբային աշխատանքները, քանի որ դրանց ընթացքում ստիպված էինք համագործակցել տարբեր երկրների ուսանողների հետ, համադրել մեր տեսակետները և միասին գտնել լուծումներ։

Այս մեթոդներն ինձ սովորեցրին ոչ միայն լսել և ընկալել տեղեկատվությունը, այլև վերլուծել, հարցեր բարձրացնել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն։

 

– Ավելի շատ գիտելի՞ք, թե՞ գործնական կարողություն և հմտություն ստացար։

– Մասնագիտական առարկաներն ինձ տվեցին նոր տեսական գիտելիքներ, իսկ ուսումնական առաջադրանքներն ու խմբային աշխատանքները՝ դրանք գործնականում կիրառելու հնարավորություն։

 

– Ի՞նչ բերեցիր քեզ հետ որպես ոչ նյութական արժեք՝ գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։

– Ինձ հետ բերեցի շատ ավելին, քան պարզապես ուսումնական գիտելիքներ։ Առաջին հերթին բերեցի ինքնավստահություն և ինքնուրույնություն։

Բերեցի նաև նոր ընկերություններ, հիշողություններ ու ամենակարևորը՝ նոր մտածելակերպ։

 

– Ո՞րն է մագիստրոսական թեզիդ վերնագիրը, և ի՞նչ նշանակություն ունեցավ Իտալիա մեկնելդ մագիստրոսական թեզիդ պատրաստման հարցում։

– Մագիստրոսական կրթությունս շարունակելով բիզնեսի կառավարման ուղղությամբ՝ հետաքրքրված եմ մարդկային ռեսուրսների կառավարման, առաջնորդության և կազմակերպական մշակույթի հիմնահարցերով։

Իմ հետազոտական հետաքրքրությունների շրջանակում առանձնահատուկ տեղ ունեն «Առաջնորդությունը և կազմակերպական մշակույթը՝ որպես անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման գործոններ» թեմային վերաբերող հարցերը։

Իտալիայում ուսանելու փորձը բավականին կարևոր ազդեցություն ունեցավ իմ հետազոտական հետաքրքրությունների վրա։ Հնարավորություն ունեցա ծանոթանալու միջազգային կրթական միջավայրին, տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ համագործակցելու փորձին և եվրոպական կազմակերպությունների կառավարման մոտեցումներին։

 

– Համեմատելով քեզ մինչ Իտալիա մեկնելդ և վերադարձից հետո՝ ի՞նչ փոփոխություններ կնշես։

– Ամենամեծ փոփոխությունն իմ մտածելակերպում է։ Մինչ մեկնելը ես ունեի որոշակի պատկերացումներ իմ հնարավորությունների, մասնագիտության ապագայի և նպատակների մասին, իսկ վերադարձից հետո այդ պատկերացումները շատ ավելի լայն են դարձել։

Դարձել եմ ավելի ինքնուրույն, համարձակ և նախաձեռնող։ Բացի այդ՝ այս փորձն ինձ օգնեց ավելի հստակ գիտակցել, թե ինչ եմ ուզում իմ մասնագիտական ապագայում և ինչ ուղղությամբ եմ ցանկանում զարգանալ։

Վերադարձել եմ նույն մարդը, բայց արդեն ավելի մեծ փորձով, նոր արժեքներով և ավելի լայն աշխարհայացքով։

 

– Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերին մասնակից դառնալը։

– Կարծում եմ՝ նման ծրագրերը չափազանց կարևոր են հայ ուսանողների համար։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալու միջազգային կրթական փորձ, այլև հասկանալու, թե ինչպիսի պահանջներ և հնարավորություններ կան ժամանակակից աշխարհում։

Շարժունության ծրագրերը նպաստում են ուսանողների մասնագիտական մրցունակության բարձրացմանը, օտար լեզուների զարգացմանը, ինքնուրույնության ձևավորմանը և միջմշակութային հաղորդակցության հմտությունների կատարելագործմանը։

Միաժամանակ շատ կարևոր է, որ ուսանողները արտերկրում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը հետագայում կիրառեն Հայաստանում՝ նպաստելով մեր կրթական և մասնագիտական միջավայրի զարգացմանը։

Կարծում եմ՝ նման ծրագրերը ոչ միայն անհատական հնարավորություն են, այլև ներդրում մեր երկրի զարգացման մեջ։

 

– Որքանո՞վ ես գոհ այս ծրագրին քո մասնակցությունից։

– Շատ գոհ եմ։ Հետ նայելով այդ ամիսներին՝ հասկանում եմ, թե որքան մեծ ազդեցություն է ունեցել այս ծրագիրը իմ անձնական և մասնագիտական զարգացման վրա։

 

– Ի՞նչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, որ դեռ չեն մասնակցել նման ծրագրերի։

– Ծրագրից վերադառնում ես ոչ միայն նոր գիտելիքներով, այլև նոր ընկերներով, հիշողություններով, ավելի լայն աշխարհայացքով և ինքդ քո նկատմամբ ավելի մեծ վստահությամբ, այլ մարդ դարձած։ Եվ ամենակարևորը՝ հասկանում ես, որ աշխարհը շատ ավելի մեծ է, քան այն միջավայրը, որին սովոր ես, իսկ հնարավորությունները՝ շատ ավելի հասանելի, քան երբեմն պատկերացնում ես։ Ուստի խորհուրդս է՝ անպայման դիմել։

 

 

Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի

և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը