ԳԿՄԿ-ն կյանք ճանապարհեց իրավագետ մագիստրոսների ևս մեկ սերունդ
Սեպտեմբերի 11, 2026
Ս․թ․ սեպտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) մագիստրոսական դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսություն էր։ Հերթը հեռակա ուսուցման համակարգի իրավագետներինն էր։
Շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեցին ԳԿՄԿ դեկան, ֆ-մ․ գ․ թ․, դոցենտ Ատոմ Մխիթարյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․թ․ Սիմոն Բաբայանը։ Ջերմորեն շնորհավորելուց և մասնագիտական վերելքներ մաղթելուց զատ՝ նրանք հորդորեցին շրջանավարտներին մշտապես կապի մեջ մնալ ԳԿՄԿ-ի հետ։
Դեկան Ատոմ Մխիթարյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ Կենտրոնում ստացած գիտելիքները նպաստելու են ոչ միայն իրավագետ շրջանավարտների անհատական մասնագիտական հաջողություններին, այլև Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի և բարեկեցության մակարդակի ապահովմանը։
Իրավագիտության ամբիոնի վարիչ Սիմոն Բաբայանն իր խոսքում մագիստրոսներին հիշեցրեց, որ իրավաբանն այն եզակի մասնագիտություններից է, որ պահանջում է շարունակական ինքնազարգացում, և հորդորեց ամենօրյա ռեժիմով հետևել ոլորտի թարմացումներին՝ մնալու համար մրցունակ մասնագետ։ Նա շնորհակալություն հայտնեց ԳԿՄԿ վարչակազմին և ամբիոնում դասավանդած պրոֆեսորադասախոսական կազմին՝ իրավագետ մագիստրոսների պատրաստման հարցում դրսևորած աջակցության և մասնագիտական ներդրման համար։ Շնորհակալություն ուղղվեց նաև օրվա շրջանավարտներին՝ մագիստրոս դառնալու ուղին հաջողությամբ անցնելու և դրա արդյունքում իրավագիտության մագիստրոսի կոչմանն արժանանալու համար։
Արտահայտվեցին նաև շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով ստացած հարուստ մասնագիտական գիտելիքների և հետաքրիր ակադեմիական միջավայրի համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
