Գլխավոր էջ





Erasmus+ պատմություն Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում

Նոյեմբերի 10, 2026

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) «Գործարար վարչարարություն» մասնագիտության մագիստրանտներ Մարիամ Սահակյանը և Օվսաննա Խառատյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակում 1 կիսամյակ ուսանել են Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանում (Իտալիա)։ Հարցազրույցում նրանք կիսում են իրենց տպավորությունները։

 

– Աղջիկնե՛ր, որքանո՞վ էր ձեզ համար սպասված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական շարժունության ծրագրի մասնակից դառնալը։

– Ծրագրի մասնակից դառնալը մեզ համար և՛ սպասված էր, և՛ շատ պատասխանատու,  քանի որ  ներկայացնելու էինք ոչ միայն մեր բուհը այլ նաև մեր երկիրը և մշակույթը։ Միշտ ցանկացել ենք մեր կրթությունը շարունակել միջազգային միջավայրում, ծանոթանալ այլ երկրների կրթական համակարգերին և ձեռք բերել նոր փորձ։ Ծրագրի մասնակցությունը մեծ ներդրում էր ու կարևոր քայլ մեր անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին։

–  Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել շարժունության ծրագրին։

– Մեզ համար կարևոր էր ծանոթանալ այլ երկրի կրթական մեթոդներին, ուսումնասիրել նոր մոտեցումներ, զարգացնել օտար լեզվի իմացությունը և հաղորդակցման հմտությունները։ Բացի այդ՝ միջազգային միջավայրում սովորելը հնարավորություն է տալիս շփվելու տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, փոխանակվելու գաղափարներով և ձևավորել նոր մասնագիտական կապեր։

– Ի՞նչ տարաք ձեզ հետ որպես հոգևոր, մտավոր արժեք՝ Եվրոպային ներկայացնելու։

– Մենք Եվրոպային ներկայացրինք Հայաստանի մշակույթը, ավանդույթներն ու կրթական միջավայրը։ Նման փորձառությունը ձևավորում է մշակութային դեսպանի դեր, երբ դու ներկայացնում ես քո երկիրը ոչ միայն խոսքով, այլև քո վարքով ու արժեքներով։

– Ի՞նչ տեսարժան վայրեր այցելեցիք Իտալիայում և ի՞նչ տպավորություններ ստացաք։

– Իտալիայում գտնվելու ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու երկրի պատմամշակութային ժառանգությանը, ճարտարապետությանը, ավանդույթներին և առօրյա կյանքին։ Հատկապես տպավորիչ էին պատմական կենտրոնները, հին շինությունները, եկեղեցիներն ու մշակութային վայրերը։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է Իտալիան համադրում իր պատմական ինքնությունը ժամանակակից եվրոպական կենսակերպի հետ։

– Ի՞նչ ստացաք հյուրընկալող երկրում։

– Ստացանք շատ ավելին, քան ակնկալում էինք։ Ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, զարգացրինք օտար լեզվով հաղորդակցվելու կարողությունը, ծանոթացանք այլ կրթական համակարգի և դասավանդման մեթոդների։ Բացի ակադեմիական ձեռքբերումներից՝ ձեռք բերեցինք նոր ընկերներ և միջազգային կապեր։ Այս փորձառությունը մեզ սովորեցրեց ավելի ճկուն լինել, արագ հարմարվել նոր միջավայրին և տարբեր իրավիճակներում գտնել արդյունավետ լուծումներ։

– Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդաբանությամբ տրվեց ձեզ այդ ամենը։

– Գիտելիքների փոխանցումն իրականացվում էր հիմնականում ինտերակտիվ և ուսանողակենտրոն մեթոդներով։ Ուսումնական գործընթացում կարևոր տեղ էին զբաղեցնում խմբային աշխատանքները, քննարկումները, գործնական առաջադրանքները, դեպքերի ուսումնասիրությունը (Case Study) և տարբեր խնդիրների համատեղ լուծումը։ Այստեղ հատկապես կարևորում ենք միջազգային ուսանողների հետ համատեղ աշխատանքը, քանի որ յուրաքանչյուր մասնակից իր հետ բերում էր տարբեր փորձ, մտածելակերպ և մոտեցումներ։

– Ավելի շատ գիտելի՞ք, թե՞ գործնական կարողություն, հմտություն ստացաք։

– Կարծում ենք՝ երկուսն էլ՝ փոխլրացված։ Ծրագիրը տվեց նոր տեսական գիտելիքներ, սակայն ամենամեծ արժեքը դրանց գործնական կիրառման հնարավորությունն էր։ Զարգացրինք թիմային աշխատանքի, հաղորդակցման, քննադատական մտածողության, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման հմտություններ։ Սովորեցինք նաև ավելի ինքնուրույն լինել, պատասխանատվություն ստանձնել և տարբեր մշակութային միջավայրերում արդյունավետ համագործակցել։ Եթե պետք է առանձնացնել մեկը, ապա գործնական հմտությունների զարգացումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցավ։

– Ի՞նչ բերեցիք որպես ոչ նյութական արժեք՝ որպես գիտելիք, կարողություն, հմտություն, գաղափար, հույզ։

– Առաջին հերթին նոր մտածելակերպ և ավելի լայն աշխարհայացք։ Այս փորձառությունը սովորեցրեց չվախենալ փոփոխություններից, լինել նախաձեռնող, ավելի վստահ արտահայտել սեփական կարծիքը և ընդունել այլ տեսակետներ։ Ձեռք բերեցինք միջմշակութային հաղորդակցության, ինքնուրույն որոշումներ կայացնելու, թիմում աշխատելու և նոր միջավայրին հարմարվելու հմտություններ։ Սակայն ամենակարևոր ոչ նյութական արժեքը վստահությունն էր սեփական ուժերի նկատմամբ և այն գիտակցումը, որ հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան երբեմն պատկերացնում ենք։

–         Համեմատելով ձեզ մինչ Իտալիա մեկնելը և վերադառնալուց հետո՝ ի՞նչ փոփոխություններ կնշեք։

– Ավելի ինքնուրույն, ինքնավստահ և նախաձեռնող ենք դարձել։ Փոխվել է նաև մեր մտածելակերպը․ սկսել ենք ավելի խոր ուսումնասիրել մեր մասնագիտությունը, ավելի հեշտ ընդունել նոր գաղափարներ, չվախենալ առաջացած խնդիրներից և փորձել սառը դատել։ Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ այժմ ավելի հստակ ենք պատկերացնում մեր նպատակները և դրանց հասնելու հնարավորությունները։

–         Որքանո՞վ է կարևոր հայ ուսանողների համար շարժունության ծրագրերի մասնակից դառնալը։

– Չափազանց կարևոր է։ Այսօրվա աշխարհում մասնագիտական հաջողության համար միայն տեսական գիտելիքները բավարար չեն․ անհրաժեշտ է ունենալ միջազգային փորձ, զարգացած հաղորդակցման հմտություններ և տարբեր միջավայրերում աշխատելու կարողություն։ Շարժունության ծրագրերը հնարավորություն են տալիս հայ ուսանողներին ինտեգրվելու միջազգային կրթական միջավայրին, ծանոթանալու նորարարական մոտեցումներին և ձևավորելու միջազգային կապեր։ Միաժամանակ նրանք հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանը՝ որպես կրթական, մշակութային և մարդկային ներուժ ունեցող երկիր։

–         Որքանո՞վ եք գոհ այս ծրագրին ձեր մասնակցությունից։

– Շատ գոհ ենք և դա համարում ենք մեր կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը։ Մենք զարգանանք ոչ միայն որպես ուսանող, այլև որպես անհատ։ Ձեռք բերած գիտելիքները, միջազգային ընկերությունները, նոր ծանոթություններն ու հիշողությունները երկարաժամկետ արժեք ունեն մեզ համար։ Եթե կրկին նման հնարավորություն ունենանք, առանց երկմտելու կմասնակցենք։

– Ի՞նչ խորհուրդ կտաք մյուս ուսանողներին, ովքեր դեռ չեն մասնակցել կամ չեն կողմնորոշվում՝ մասնակցե՞լ նման ծրագրերին, թե՞ ոչ։

– Մեր խորհուրդն է՝ չվախենալ և անպայման օգտվել նման հնարավորություններից։ Հաճախ մենք ինքներս ենք սահմանափակում մեր հնարավորությունները՝ մտածելով, որ բավարար գիտելիքներ, լեզվական հմտություններ կամ փորձ չունենք։ Սակայն հենց նման ծրագրերն են օգնում հաղթահարել այդ սահմանափակումները։ Պետք չէ սպասել կատարյալ պահի կամ կատարյալ պատրաստվածության․ կարևորն առաջին քայլն անելն է։ Պետք է լինել նախաձեռնող, հետաքրքրասեր և պատրաստ նոր փորձառությունների։ Շարժունության ծրագիրը պարզապես մեկ այլ երկրում սովորելու հնարավորություն չէ․ այն ներդրում է սեփական ապագայի, մասնագիտական զարգացման և անձնական աճի մեջ։

 

 

Հարցազրույցը վարեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի

և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը