Գլխավոր էջ





Ամփոփվեց «Ընտրի՛ր իմ կրթական ծրագիրը» խորագրով տեսանյութերի մրցույթը

Հուլիսի 9, 2025

Ս․թ․ հուլիսի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) ամփոփվեց «Ընտրի՛ր իմ կրթական ծրագիրը» խորագրով տեսանյութերի ներքին մրցույթը, որ նախաձեռնել և կազմակերպել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը։ Մրցույթի պայմանների մեջ պահանջված է եղել ներկայացնել մինչև մեկրոպեանոց տեսանյութ ուսումնառվող կրթական ծրագրի մասին՝ թիմային կամ անհատական հայտի ձևաչափով։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին մրցույթի մասնակից ուսանողները՝ իրենց ամբիոնների վարիչների հետ, ԳԿՄԿ վարչական կազմի որոշ ներկայացուցիչներ, դասախոսներ։ Մինչ պարգևատրմանն անցնելը ներկաները նախ դիտեցին բոլոր հայտերի տեսանյութերը։

Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանը ներկայացրեց մրցույթի կազմակերպման նպատակը և պատասխանեց ներկաների՝ մրցույթի կազմակերպման ընթացակարգին վերաբերող հարցերին։ Նա նշեց, որ նախաձեռնության նպատակը եղել է Կենտրոնի կրթական ծրագրերի մասին ուսանողների գնահատականի վերհանումը և հանրությանը հենց այդ տեսանկյունը ներկայացնելը՝ վստահություն հայտնելով, որ դա կարող է օգտակար լինել հատկապես դիմորդների համար։ Հ․Մելքոնյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մրցույթի բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ ներկայացրած հայտերը խոսում են մասնակիցների մասնագիտական բարձր պատասխանատվության և Կենտրոնի նկատմամբ իրենց շնորհակալ վերաբերմունքի մասին՝ ակնկալելով շարունակական համագործակցություն Բաժնի հետ։

Նշվեց, որ ներկայացված է եղել 6 հայտ, որից 2-ը՝ անհատական, 4-ը՝ թիմային։ Բոլոր հայտերն էլ ճանաչվել են հաջողված և առաջիկայում կհրապարակվեն Կենտրոնի համացանցային էջերում։

Հաղթող ճանաչվեց Ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոնի մագիստրանտների թիմային հայտը՝ արժանանալով հուշանվեր-պատվոգրի և մրցանակի՝ մասնագիտական գրքի ձևով։ Հաղթող տեսանյութն արդեն իսկ տեղադրված է Կենտրոնի պաշտոնական You Tube-յան էջում։ Մյուս 5 հայտերն արժանացան շնորհակալագրերի․ դրանք ներկայացնում էին Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումասիրության, Երկրաբանության, Դեղագիտության (2 հայտ) և Արևելագիտության ամբիոնները։

Պարգևատրման արարողությունն իրականացրեց ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, իսկ հաղթող ճանաչված թիմին մաղթելով նորանոր նվաճումներ մասնագիտական ճանապարհին։

 

Հաղթող տեսանյութը հասանելի է այստեղ

Մյուս հայտերի տեսանյութերի հղումները ևս շուտով կտեղադրվեն այստեղ։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին