Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը
Ապրիլի 9, 2026
Ս․թ․ ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացման պաշտոնական արարողությունը՝ ազդարարելով ծրագրի գործունեության նոր փուլը Հայաստանում՝ ընդլայնված հնարավորություններով։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ներկա էին նաև կրթության և գիտության ոլորտի այլ ներկայացուցիչներ և գործընկերներ։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից միջոցառմանը մասնակցեցին տնօրեն Արմեն Սարգսյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը։
Գրասենյակն այսուհետ կհամակարգի ոչ միայն բարձրագույն կրթության, այլև միջին մասնագիտական կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտների ծրագրերը՝ ընդլայնելով «Էրազմուս+»-ի ազդեցությունը Հայաստանում։
«Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը գնալով խորանում է․ ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է երկկողմ կապերը խորացնելու և որակական նոր նպատակների հասնելու հանձնառության մասին։ Շահառու տարբեր կառույցների, խմբերի և մարդկանց ներգրավմամբ իրականացվող նման ծրագրերը համագործակցության կարևոր շերտերից են, որոնք նոր բովանդակություն են հաղորդում փոխգործակցությանը՝ այն դարձնելով ավելի կայուն և շարունակական՝ ուղղված հանրային զարգացմանը»,- շեշտեց Ժաննա Անդրեասյանը։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով նման գրասենյակների կարևորության մասին, նշեց․ «Նրանք իրական կամուրջ են Եվրոպական միության ակադեմիական հաստատությունների, մարդկային կապիտալում ներդրումներ իրականացնող եվրոպական կառույցների և հայկական հաստատությունների միջև։ Մարդկային կապիտալը լավագույն ներդրումն է, որն ունենք, և հենց դա է որոշում երկրի մրցունակությունն ու ապագան»։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ընդգծելով․ «Հայաստանի Հանրապետությունում ոլորտային բարեփոխումների հաջողությունը կախված է նաև նրանից, թե որքանով են ոլորտի ներկայացուցիչները և շահառուները առնչվել ընթացող բարեփոխումների թիրախային, օրինակելի փորձին՝ ի դեմս եվրոպական փորձի»։ Նա կոչ արեց ներկաներին ակտիվորեն օգտվել «Էրազմուս+» ծրագրերի ընձեռած հնարավորություններից։
Գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը նշեց, որ ծրագիրը նպաստում է միջազգային շարժունությանը, համագործակցությանը և Հայաստանի ճանաչելիության աճին՝ որպես վստահելի կրթական գործընկերոջ։ Նա ընդգծեց նաև․ «Հազարավոր ուսանողներ և երիտասարդներ օգտվել են կրթական շարժունության հնարավորություններից՝ ձեռք բերելով միջազգային ակադեմիական փորձ, բարելավելով իրենց լեզվական ու միջմշակութային հմտությունները, և սա անգնահատելի ներդրում է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման գործում»։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրասենյակի նոր պաշտոնական կայքը, որը կծառայի որպես տեղեկատվության առաջնային աղբյուր հայաստանյան շահառուների համար։
Ներկայացվեցին նաև ծրագրի հիմնական հնարավորությունները՝
- միջազգային շարժունություն,
- կարողությունների զարգացում,
- առցանց փոխանակումներ,
- համագործակցային նախագծեր․․․
Այս համատեքստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը «Էրազմուս+» ծրագրերում՝ առավել արդյունավետ օգտագործելով նրա ընձեռած ընդլայնված հնարավորությունները և զարգացնելով միջազգային համագործակցությունները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին









