ԳԿՄԿ առցանց լսարանում կայացավ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը
Դեկտեմբերի 5, 2025
2025թ. դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ռիք Բունուսը առցանց դասախոսությամբ հանդիպում ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) լսարանի հետ: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր ԳԿՄԿ արտաքին կապերի բաժինը՝ բաժնի պետ Էլլա Պապիկյանի գլխավորությամբ: Հանդիպումն անցավ առցանց ձևաչափով, ինչը համակարգվեց ԳԿՄԿ տեսահանդիպումների դահլիճից, որտեղ ներկա էին և հյուրին ողջունեցին ԳԿՄԿ տնօրենության կազմի ներկայացուցիչները ու որոշ դասախոսներ: Առցանց լսարանին էին միացել ԳԿՄԿ ուսանողներ, աշխատակիցներ և շրջանավարտներ, որոնց և հասցեագրված էր դասախոսությունը:
Պրոֆեսոր Ռիք Բոնուսը, որ ներկայացնում էր Վաշինգտոնի համալսարանի Ամերիկյան և ասիական էթնիկ ուսումնասիրությունների ֆակուլտետը, ԳԿՄԿ լսարանին ներկայացավ «Կրթության և ինքնության միջև կապը» վերնագրով դասախոսությամբ:
Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բազմազգ կրթական միջավայրերում ուսանողների փորձառություններին, նրանց ինքնության ձևավորմանը և կրթական ներառականության խնդիրներին։ Պրոֆեսորը ներկայացրեց իր՝ «Ocean in the School» նախագծի ստեղծման պատմությունը, գաղափարներ, որ դարձել են իր գրքի ու հետազոտության հիմքը:
Նախագիծը հիմնված է բազմամշակութային ուսանողների, հատկապես` Խաղաղօվկիանոսյան կղզիներից (Pacific Islanders) եկած երիտասարդների համալսարանական փորձառությունների վրա։ Այն ուսումնասիրում է, թե ինչ մարտահրավերների են բախվում այդ ուսանողները՝ ներառյալ մշակութային անտեսվածությունը, մեկուսացումը և աջակցման համակարգերի բացակայությունը։ Այս խնդիրներին ի պատասխան՝ ուսանողները ստեղծել են «OCEAN» անունը կրող հավաքական հարթակ, որը դարձել է փոխաջակցության, մշակութային ինքնության և համախմբման տարածք։ Այս գաղափարը կոչ է անում համալսարաններին ստեղծել ավելի ներառական ու աջակցող միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է զգալ իրեն տեսանելի և գնահատված։
Դասախոսությունն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում: Քննարկման թեման էր՝ «Ովքե՞ր են առավել խոցելի համալսարաններում»: Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկման դաշտ՝ ընտրելով պրոֆեսոր Բոնուսի առաջարկած պատասխաններից մեկը և հիմնավորելով իրենց ընտրությունը:
Պրոֆեսոր Ռիք Բոնուսի առցանց դասախոսությունը հաջողությամբ կայացավ՝ լսարանում թողնելով գոհունակության և երախտագիտության արձագանք, ինչպես նաև միջազգային առցանց դասախոսությունների նոր հնարավորություններ ունենալու ցանկություն:
Դասախոսության կազմակերպմանն աջակցել էին ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի, ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին









