Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները՝ Լիլի համալսարանի վերապատրաստման միջազգային շաբաթին

Հուլիսի 8, 2025

Ս.թ. հունիսի 23-27-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Պապիկյանը մասնակցել են Ֆրանսիայի Լիլի համալսարանում կայացած Էրազմուս+ ծրագրի վերապատրաստման միջազգային շաբաթին, որին ներկա էին եվրոպական մի շարք առաջատար համալսարանների ներկայացուցիչներ՝ Գերմանիայի, Իսպանիայի, Սլովակիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Հունգարիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և այլ երկրների համալսարանների դասախոսական և վարչական անձնակազմի անդամներ:

Միջազգային վերապատրաստման շաբաթը նվիրված էր միջազգային շարժունության ծրագրերում կայունության և բարեկեցության դերին։ Ծրագրի առավել արդիական թեմաներից էին՝

  • Խոչընդոտների հաղթահարում. հոգեկան առողջության խնդիրների լուծում
  • Միջազգային ուսանողների շրջանում մեկուսացման խնդրի լուծում
  • Ֆիզիկական բարեկեցություն շարժունության ընթացքում
  • Միջազգային ուսանողների շրջանում կայունության սկզբունքների մասին իրազեկում
  • Էկոլոգիապես պատասխանատու և էկոլոգիապես գիտակից ակադեմիական շարժունություն։

 

Բոլոր թեմաներն արտացոլում էին հոգեկան առողջության կարևորությունը և միջազգայնացման, էկոլոգիական պատասխանատվության և անհատական բարեկեցության միջև հավասարակշռության անհրաժեշտությունը։ Դրանով իսկ միջազգային շարժունությունները՝ ուսանողական փոխանակումները, միջազգային պրակտիկաները և բազմազան մշակութային ծրագրերը, լուրջ շարժառիթներ են՝ համաշխարհային համատեքստում մարդկանց ու համայնքների միջև կապերի ամրապնդման համար։

Ծրագրի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայուն զարգացման սկզբունքներին, որոնք անմիջականորեն կապված են նաև միջազգային ուսանողների բարեկեցության ապահովման հետ։ Ընդգծվեց, որ ֆիզիկական և սոցիալական առողջ միջավայրը նպաստում է հոգեկան և էմոցիոնալ տոկունության ձևավորմանը։ Ներգրավված և ներառական համայնքային միջավայրերը, բնության հետ շփման հնարավորությունները և կրթական որակյալ պայմանները նպաստում են համընդհանուր պատկանելության հասկացությանը, որը կարևոր նշանակություն ունի միջազգային շարժունության առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման համար։

ԳԿՄԿ-ի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառման աշխատանքային խմբերում և քննարկումներում՝ վեր հանելով, թե ինչպես կարելի է համադրել միջազգային շարժունությունների կարևորությունը էկոլոգիական պատասխանատվության և մասնակիցների բարեկեցության հետ՝ միաժամանակ կարևոր ներդրում ունենալով կայուն զարգացման նախաձեռնություններում ուսանողների ներգրավման և դրական փոփոխությունների առաջմղման հարցերում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ԳԿՄԿ-ի հանձնառությունը՝ զարգացնելու պատասխանատու, առողջ և բարեկեցությանը միտված միջազգային շարժունություններ։

Միջազգային վերապատրաստման շաբաթվա ընթացքում ձևավորվեցին նոր համագործակցային կապեր ԳԿՄԿ-ի և մի շարք առաջատար համալսարանների ներկայացուցիչների միջև։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցելու ինչպես կրթական, գիտական, այնպես էլ միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում։

ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը և արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Պապիկյանը  Լիլի համալսարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչների հետ քննարկեցին երկրաբանության մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի ծրագրի ներդրման հնարավորությունները։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին