ԳԿՄԿ Ուսանողական գիտական ընկերությունն ու Ուսանողական խորհուրդն ամփոփեցին 2023-2024 ուստարվա աշխատանքները
Հունիսի 7, 2024Հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի 2023-2024 ուստարվա հաշվետու ժողովը, որին հրավիրված էին ԳԿՄԿ տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանն ու ԳԿՄԿ ուսանողներ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Արմեն Սարգսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին՝ գոհունակություն հայտնելով ուսանողներին կատարած աշխատանքների համար և ընդգծեց, որ ԳԿՄԿ-ն մշտապես պատրաստակամ է աջակցելու ուսանողների նախաձեռնություններին, որոնք խթանում են սովորողների գիտական և կրթական առաջընթացը և նպաստում նրանց ստեղծագործական, հոգևոր և մշակութային զարգացմանը: Արմեն Սարգսյանը նշեց Կենտրոնի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումներին ուսանողների ներգրավվածության ընդլայնման և ակտիվ մասնակցության կարևորությունը։
Ժողովի օրակարգում Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի գործունեության ամփոփումն էր, որի շրջանակներում ՈՒԳԸ նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը և ՈՒԽ նախագահ Արաքսյա Գևորգյանը ամփոփեցին 2023-2024 ուստարվա աշխատանքներն ու ձեռքբերումներն իրենց գործունեության շրջանակներում, ինչպես նաև ներկայացրին նոր ուսումնական տարում նախատեսված անելիքները:
ՈՒԳԸ ընդհանուր հարցերի գծով փոխնախագահ Լիանա Գյուրջյանը մանրամասն անդրադարձավ կազմակերպված ուսանողական գիտաժողովներին, գիտահանրամատչելի դասախոսություններին և գիտակրթական ուղղվածություն ունեցող այլ միջոցառումներին, որոնք ամփոփ ներկայացված են ԳԿՄԿ կայքում:
ՈՒԳԸ միջազգային կապերի գծով փոխնախագահ Լուսինե Մխիթարյանն էլ ներկայացրեց ՈՒԳԸ կազմի ակտիվ մասնակցությունը ՀՀ տարբեր բուհերում կազմակերպված գիտաժողովներին, որոնց ընթացքում նրանք հանդես են եկել զեկուցումներով և տպագրել գիտական հոդվածներ՝ բարձր պահելով ԳԿՄԿ հեղինակությունն ու համբավը:
ՈՒԳԸ և ՈՒԽ կազմի անդամները ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենի ժ/պ Ա.Սարգսյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով ուսանողության շրջանում տարվող աշխատանքների կազմակերպման, կրթական, գիտական և մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար։
ՈՒԳԸ նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը իր երախտիքի խոսքն ուղղեց ԳԿՄԿ ուսանողներին իրենց պատրաստակամության և մշտական աջակցության համար՝ հանձնելով շնորհակալագրեր մի շարք ուղանողներին Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված գիտագործնական միջոցառումների մասնակցության և սերտ փոխգործակցության համար։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ուսանողներին տարբեր միջոցառումների շրջանակներում ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ հաջորդ տարի ԳԿՄԿ ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կշարունակեն ԳԿՄԿ-ի երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործումն ու տարբեր ծրագրերում ուսանողների ակտիվ ներգրավվածության ապահովումը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին