Գլխավոր էջ





Ներքին մշտադիտարկում անցավ ԳԿՄԿ ևս 2 ամբիոն

Ապրիլի 7, 2025

Օրերս ներքին մշտադիտարկում անցավ ԳԿՄԿ ևս 2 ամբիոն՝ Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի, Հոգեբանության: Ինչպես նախորդ ամբիոնների դեպքում, այս անգամ նույնպես գործընթացն իրականացվեց մշտադիտարկման խմբի  կողմից՝ արտաքին փորձագետի մասնակցությամբ:


Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնը ԳԿՄԿ-ի երիտասարդ ամբիոններից է. այն հիմնվել է 2022 թ.՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ։ 


Մշտադիտարկման առարկան ամբիոնի կողմից իրականացվող միակ կրթական ծրագիրն էր՝ «Տեղեկատվական համակարգերի մշակում» անվամբ:


Պարզվեց, որ կրթական ծրագրի պահանջարկը թելադրված է եղել գործատուների շրջանից: Բոլոր մագիստրանտները, ուսմանը զուգահեռ, արդեն իսկ աշխատում են մասնագիտությամբ։ Մագիստրանտների թեզերն իրական գործատուների պատվերներ են, ինչը կրթական ծրագրի ընդգծված առավելություններից է:


Ամբիոնի ուժեղ կողմերից է նաև դասախոսական կազմը, որում բոլորը ոլորտի առաջատար մասնագետներ են:


Կրթական ծրագրի կազմակերպման մեթոդաբանության նկարագրության մեջ ընդգծվեց շրջված լսարանի մեթոդին նախընտրություն տալը՝ առցանց հարթակների կիրառությամբ, ինչը ողջունվում է ուսանողների կողմից:

 

Հոգեբանության ամբիոնի դեպքում գործ ունենք բազմամյա ամբիոնի հետ. այն ձևավորվել է 2007 թ.՝ անցնելով կայացման վստահ ուղի, և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել հանրապետության հոգեբանների շրջանում:


Մշտադիտարկման առարկան ամբիոնի կողմից իրականացվող երկու կրթական ծրագրերն էին՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա», «Սոցիալական և քաղաքական հոգեբանություն» անուններով:


Ամբիոնի ուժեղ կողմերից է իր դասախոսական կազմը, որում բոլորն ունեն գիտական աստիճան, շատերը՝ նաև պրակտիկ հոգեբանի հարուստ փորձ:


Ամբիոնը շարունակում է պահպանել իր գիտական ակտիվությունը՝ մենագրությունների, հոդվածների, թեզերի շրջանակներում արծարծելով խիստ արդիական թեմաներ:


Հոգեբանության ամբիոնի տեսանելիությունը գնալով էլ ավելի է մեծանում նաև շնորհիվ իր կողմից հաճախակի կազմակերպվող հոգեբանական սեմինարների և վարպետության դասերի:


Ամբիոնն աչքի է ընկնում նաև իր դասավանդման մեթոդների ստեղծարարությամբ, որ միտված է ուսումնասիրվող խնդիրների համար հոգեբանական համապատասխան իրադրություն ստեղծելուն:


Ամբիոնի ՄԿԾ-ները պարբերաբար թարմացվում են՝ ի արձագանքում օր օրի առաջացող նոր հոգեբանական խնդիրների:


Ի պատասխան արտաքին փորձագետի հարցի, թե որն է ամբիոնի թիվ մեկ առավելությունը՝ նշվեց գործնական հմտություններ ձևավորելու շեշտադրվածությունը:

 

Երկու ամբիոնների դեպքում էլ, հաջողություններից զատ, ներկայացվեցին նաև կրթական ծրագրի իրականացման ճանապարհին արձանագրված խնդիրները՝ դրանց պատճառաբանությամբ և լուծման փորձերով հանդերձ:


Քննության առնվեցին նաև կրթական ծրագրերի փաստաթղթային փաթեթները:


Մշտադիտարկման խմբի անդամները ծավալեցին ակտիվ քննարկում՝ ըստ մշտադիտարկման գործընթացի համար սահմանված կետերի:


Երկու ամբիոններն էլ մշտադիտարկող խմբում թողել են դրական տպավորություն, ինչի արձանագրումը՝ դիտարկումներով հանդերձ, առաջիկայում կքննարկվի ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների նիստերում:



ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին