Գլխավոր էջ





Erasmus+ նախագծերի հանրայնացման համաժողով. ԳԿՄԿ-ն ներկայացրեց EU BRIDGE ծրագրի ընթացքը

Հուլիսի 6, 2026

Հուլիսի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Erasmus+ ծրագրերի արդյունքների հանրայնացման համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Erasmus+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ինչպես նաև բարձրագույն կրթության հաստատությունների, պետական կառույցների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին Erasmus+ ծրագրի 2025 թվականի հայտադիմումների փուլում ֆինանսավորված և 2026 թվականին մեկնարկած նախագծերը, դրանց հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունը։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) նույնպես մասնակցեց համաժողովին՝ ներկայացնելով «ԵՄ ԿԱՄՈՒՐՋ. բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU BRIDGE) Erasmus+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման երկամյա ծրագիրը՝ լինելով այդ ծրագրի հայաստանյան համակարգող հաստատությունը: Նախագիծը ներկայացրեց ծրագրի ղեկավար Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով միջազգային ծրագրի հիմնական նպատակներին, Հայաստանում եվրոպական նախագծերի կառավարման կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող աշխատանքներին, գործընկերային համագործակցության շրջանակին և նախագծի ակնկալվող ազդեցությանը բարձրագույն կրթության ոլորտի միջազգայնացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համատեքստում։

Համաժողովին ԳԿՄԿ եռանդամ պատվիրակության կազմում էին նաև Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը և Կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը։

Համաժողովի շրջանակներում յուրաքանչյուր կառույց ներկայացավ առանձին տաղավարով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու իրականացվող եվրոպական ծրագրերին, կրթության ոլորտի նորարարական նախաձեռնություններին, ինչպես նաև քննարկելու միջազգային համագործակցության ընդլայնման, ինստիտուցիոնալ զարգացման և նախագծերի կայուն իրականացմանն առնչվող հարցեր։

«Համաժողովը կարևոր հարթակ դարձավ Erasmus+ ծրագրերի շրջանակում ձևավորված փորձի փոխանակման, նոր մասնագիտական կապերի հաստատման և Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հետագա զարգացմանն ու միջազգայնացմանն ուղղված նախաձեռնությունների քննարկման համար»,– նշում է ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը։

«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի մասնակցությունը համաժողովին վերահաստատում է Կենտրոնի հանձնառությունը Erasmus+ ծրագրերի ակտիվ իրականացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և բարձրագույն կրթության ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացմանը»,– ամփոփում է ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին