Գլխավոր էջ





Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Մարտի 6, 2025

2025 թվականի մարտի 6-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում իրենց դիպլոմներն ստացան ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի հեռակա համակարգի 3 կրթական ծրագրերի՝ Կլինիկական  հոգեբանություն  և  հոգեթերապիայի, Սոցիալական  և  քաղաքական  հոգեբանության, Ինֆորմատիկա  և հաշվողական  տեխնիկայի 2024 թվականի շրջանավարտները:


Շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմի ներկայացուցիչները:


ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նորանոր հաջողություններ իրենց մասնագիտական ճանապարհին և հույս հայտնեց, որ մագիստրոսներն ամենուր բարձր կպահեն ԳԿՄԿ-ի անունը։ Իսկ բոլոր նրանց, ովքեր ցակություն ունեն իրենց կրթությունը շարունակելու կրթության հաջորդ մակարդակում, հիշեցրեց, որ Կենտրոնն իրականացնում է նաև ասպիրանտական և հայցորդական կրթություն, և շրջանավարտները կարող են Կենտրոնի ուսանողը դառնալ նաև այդ ձևաչափերում:


Կրթությունը շարունակելու խորհուրդը հնչեց նաև ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանի խոսքում, որում հատուկ ընդգծվեց, որ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնն ունի ասպիրանտական և հայցորդական կրթություն կազմակերպելու հաջողված փորձ։


Ողջույնի խոսք ասաց նաև ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Այսուհետ կհիշեք, որ յուրաքանչյուր տարի գարնանային առաջին տոնը ձեզ համար Մարտի 6-ն է՝ ձեր մագիստրոսական դիպլոմներ ստանալու օրը։ Ցանկանում եմ, որ այս դիպլոմները ձեզ հաջողություններ բերեն ձեր անձնական կյանքում՝ առաջինը, և ձեր կարիերայում: Մենք կարծում ենք, որ սա սոցիալական սանդուղքով վեր բարձրանալու կարևոր գրավական է: Շնորհակալություն, որ մեզ մոտ ուսանող եղաք։ Ցանկանում ենք, որ կապը Գիտակրթական միջազգային կենտրոնի և այն ամբիոնի հետ, որտեղ դուք սովորել եք, չկտրվի»։

 

Դիպլոմները շրջանավարտներին հանձնվեցին Հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանի, Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Սահակյանի կողմից՝ ուղեկցված իրենց ամբիոնների շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթանքի ջերմ խոսքերով։


Արտահայտվեցին նաև ուսանողները՝ շնորհակալություն հայտնելով ԳԿՄԿ-ում ստացած որակյալ կրթության և իրենց նկատմամբ մշտապես դրսևորված ջերմ վերաբերմունքի համար:

 

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին