Գլխավոր էջ





ԳԿՄԿ դասախոսը հոգեբանության դասախոսությունների շարքով ներկայացավ Կրակովի համալսարանին

Փետրվարի 5, 2026

Ս.թ. հունվարի 19-23-ին  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հոգեբանության ամբիոնի դասախոս Արայիկ Ֆիրյանը դասախոսությունների շարքով հանդես է եկել Կրակովի ազգային կրթության հանձնաժողովի համալսարանում: Դա  իրականացվել է Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում:

Դասախոսությունների շարքը նվիրված է եղել պատերազմի և հարկադիր տեղահանության պայմաններում հոգեբանական ադապտացիայի գործընթացներին։ Դասախոսությունների հիմնական առանցքը տրավմատիկ սթրեսի, պաշտպանական մեխանիզմների, ինչպես նաև լեզվի, խոսքի և բարբառի դերի ուսումնասիրությունն էր՝ որպես հոգեբանական դիմակայության և վերականգնման կարևոր գործոնների։

Անցկացված դասախոսություններից ստացած իր տպավորությունների մասին Ա․Ֆիրյանն արտահայտվեց այսպիսի շեշտադրումներով․

«Լսարանի համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացրեց այն մոտեցումը, ըստ որի՝ խոսքը ներկայացվում էր որպես ոչ միայն հաղորդակցության միջոց, այլև որպես տրավմայի մշակման գործիք՝ հոգեբանական պաշտպանական մեխանիզմի գործառույթ իրականացնող բաղադրիչ։ Ուսանողների համար կարևոր և նոր էր այն դիտարկումը, որ խոսելը կարող է հանդես գալ որպես ակտիվ հոգեբանական գործողություն, որի միջոցով անհատը ոչ միայն արտահայտում է իր ապրումները, այլ նաև կարգավորում, կառուցում և վերաիմաստավորում է տրավմատիկ փորձառությունը։ Իսկ քննարկումները ցույց տվեցին, որ թեման ունի ոչ միայն տեսական, այլև կիրառական և միջազգային նշանակություն։

Առանձնահատուկ կարևոր էր այն հանգամանքը, որ դասախոսությունների ընթացքում հնարավոր եղավ ընդգծել, որ այս ուղղությամբ մենք արդեն ունենք ձևավորված մասնագիտական փորձ, գիտական մոտեցումներ և հետազոտական հիմքեր, որոնք կարող են ներկայացվել երկրի սահմաններից դուրս։ Ներկայացված փորձը և ձևակերպումները մեծ հետաքրքրություն առաջացրին լսարանում, ինչը վկայեց այն մասին, որ մեր փորձառությունը կարող է դառնալ միջազգային մասնագիտական փոխանակման և համագործակցության արժեքավոր աղբյուր։

Ինձ համար այս դասախոսական փորձառությունը կարևոր էր նաև մասնագիտական ինքնագիտակցման տեսանկյունից այն հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես է մեր մշակած թեմատիկան ընկալվում այլ ակադեմիական և մշակութային միջավայրում, ինչպես նաև համոզվելու, որ ընտրված ուղղությունը արդիական է և պահանջված միջազգային հարթակներում։ Տպավորիչ էր լսարանի զգայուն, հետաքրքրված և հարգալից վերաբերմունքը տրավմատիկ թեմաների նկատմամբ, ինչը նպաստում էր բաց և վստահելի ակադեմիական մթնոլորտի ձևավորմանը։

Ընդհանուր առմամբ, Լեհաստանում անցկացված դասախոսությունները կարելի է գնահատել որպես արդյունավետ և հաջողված փորձառություն, ինչը ցույց տվեց թեմայի միջազգային հետաքրքրությունը, մեր մասնագիտական ներուժը և հետագա համագործակցության իրական հնարավորությունները»։




ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին