ԳԿՄԿ-ում ամփոփվեց ամերիկահայ հյուրի միջոցառումների շարքը
Հուլիսի 3, 2026
Ս․թ․ հունիսին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) հյուրընկալել էր ամերիկահայ տնտեսագետ, ԱՄՆ Սուրբ Խաչ համալսարանի Բիզնես վարչարարության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Շահոյանին։
Նա գիտական զեկույցով մասնակցեց ԳԿՄԿ ամենամյա միջազգային գիտաժողովին, ապա, ըստ հայտարարված ժամանակացույցի, կիսեց իր մասնագիտական և ակադեմիական փորձը ԳԿՄԿ-ում կազմակերպված միջոցառումներում՝ բաց դասախոսության, վարպետության դասի և աշխատաժողովների ձևաչափերով։ Դրանք նվիրված էին միջազգային տնտեսական կառույցներին, անդրագոգիկայի՝ մեծահասակների կրթության ամերիկյան փորձին, հեռավար և հիբրիդային դասավանդմանը, արհեստական բանականության ակադեմիական հնարավորություններին։
Պրոֆեսոր Շահոյանի հանդիպումները, որոնց մասնակցեցին ոչ միայն ԳԿՄԿ մագիստրանտներն ու աշխատակիցները, այլև ԳԿՄԿ շրջանավարտներն ու արտաքին շահակիցները, անցան մասնակիցների ակտիվ ներգրավվածության և ակադեմիական փորձի կառուցողական փոխանակման մթնոլորտում՝ մասնակիցների շրջանում ձևավորելով ընդգծված գոհունակություն։
Հուլիսի 1-ին ԳԿՄԿ-ում կայացավ ամփոփիչ միջոցառում, ինչի շրջանակներում նշված միջոցառումների մասնակիցներն ստացան հավաստագրեր։
Բարձր գնահատելով պրոֆեսոր Շահոյանի՝ ԳԿՄԿ-ում կատարած մասնագիտական աշխատանքը և իր փորձը կիսելու ցանկությունը՝ ԳԿՄԿ տնօրեն, տ․գ․թ․ Արմեն Սարգսյանը հյուրին հանձնեց շնորհակալագիր՝ իր խոսքում, մասնավորապես, նշելով․ «Կարևորում եմ այն փորձն ու գիտելիքները, որ այս մեկ ամսվա ընթացքում պրոֆեսոր Շահոյանը մեծ նվիրումով փոխանցեց մասնակիցներին։ Հուսով եմ, որ այն հետագայում օգտակար կլինի իրենց գործունեության մեջ, իսկ մենք տիկին Շահոյանի հետ համագործակցելու առիթներ դեռ կունենանք»։
Արտահայտվեց նաև պրոֆեսոր Շահոյանը՝ շնորհակալություն հայտնելով իր հյուրընկալումը ԳԿՄԿ-ում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նա նաև պատրաստակամություն հայտնեց՝ ԳԿՄԿ-ի հետ համագործակցությունը շարունակական դարձնելու։
Ամփոփիչ միջոցառմանը հաջորդեց աշխատանքային քննարկում՝ նախագծելու համար հետագա համագործակցության ուղղությունները։
Միջոցառումները լուսաբանող տեսանյութերը հասանելի են այստեղ․
Ավելի շատ լուսանկարներ՝ «Պատկերասրահ» բաժնում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին

