Գլխավոր էջ





Մարդաբանության հետազոտական մեթոդներ․ Erasmus+ դասախոսություն ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 1, 2026

2026 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանի (Իտալիա) պրոֆեսոր Էուջենիո Զիտոյի բաց դասախոսությունը՝ «Էրազմուս+ KA171» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում։ Դասախոսությանը ներկա էին ԳԿՄԿ-ի աշխատակիցները և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) գիտաշխատողները։


«Մշակութային-սոցիալական և բժշկական մարդաբանության մեջ հետազոտության մեթոդներ․ հիմնական հասկացություններից մինչև ժամանակակից առաջադեմ ազգագրական մոտեցումներ» խորագրով դասախոսությունն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, երկու մոդուլով։

Առաջին մոդուլ. Ազգագրություն և դաշտային աշխատանք

Պրոֆ. Զիտոն ներկայացրեց մշակութային և սոցիալական մարդաբանությունը՝ որպես որակական հետազոտության հիմք, և բացատրեց, թե ինչ է նշանակում զբաղվել ազգագրությամբ՝ սկսած Բրոնիսլավ Մալինովսկու հիմնարար դաշտային աշխատանքից մինչև ժամանակակից պրակտիկա։ Նա անդրադարձավ մասնակցային դիտարկմանը, հարցազրույցներին, դաշտային նշումներին, ռեֆլեքսիվությանը և հետազոտության էթիկային, ինչպես նաև հետազոտության նոր դաշտերին՝ թվային միջավայրերին և բազմատեղանի ազգագրությանը։

Երկրորդ մոդուլ. Բժշկական մարդաբանություն

Երկրորդ մոդուլը նվիրված էր բժշկական մարդաբանությանը և նրա մեթոդաբանական առանձնահատկություններին։ Պրոֆ. Զիտոն մարմինը ներկայացրեց որպես սոցիալ-մշակութային և պատմական արդյունք, քննարկեց հիվանդություն-անհանգստություն-հիվանդագին վիճակ (disease-illness-sickness) տարբերակումը և ցույց տվեց, թե ինչպես կարող է մարդաբանական մոտեցումն օգնել կենսաբժշկության մարդկայնացմանը։ Նա ընդգծեց մասնակցային դիտարկման դերը առողջապահական միջավայրերը հասկանալու հարցում։

Դասախոսությունն ամփոփվեց մարդաբանական հետազոտության փուլերի ակնարկով, որին հետևեց որակական և քանակական հետազոտությունների մեթոդաբանական հարցերի բաց և ակտիվ քննարկում։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն շնորհակալություն է հայտնում պրոֆ. Զիտոյին բովանդակալից և գրավիչ դասախոսության համար և հույս է հայտնում, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ակադեմիական համագործակցությունն իր հետ կշարունակվի։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին