Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 31, 2024

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, միասին փակում ենք ևս մեկ տարվա էջ՝ հետադարձ հայացք գցելով նրանում արձանագրված իրադարձությունների վրա և ամփոփելով դրանք։


Որպես ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն՝ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ 2024-ին Կենտրոնի գործունեության տարբեր ուղղություններում գրանցել ենք առաջընթաց, գերազանցող ձեռքբերումներ, նորարարական լուծումներ, նոր հաջողությունների ուղղությամբ արված խոստումնալից քայլեր։ Ամրապնդվել են ակադեմիական բարի ավանդույթները, հարստացվել և խորացվել՝ միջազգային համագործակցության շրջանակները։ Կենտրոնի տնօրենությունը և ողջ աշխատակազմը անցնող տարում արել են հնարավոր ամեն ինչ, որ մեր մագիստրանտները և ասպիրանտները ստանան լավագույնը՝ հարուստ և արդիական գիտելիքի, կրթական և հետազոտական նպաստավոր միջավայրի, արդյունավետ պրակտիկայի կազմակերպման, միջազգային շփումներում ներգրավվելու և այլ առումներով։ Բայց պետք է նշել, որ մեր հաջողությունների կերտմանը իրենց մասնակցությունն են բերել նաև մեր ուսանողները, քանզի քայլելով Կենտրոնի մատնանշած ուղիներով՝ հանրապետական և միջազգային տարբեր հարթակներում գրանցել են ԳԿՄԿ-ի վարկանիշը բարձր պահող ձեռքբերումներ։


Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, շնորհակալություն արդյունավետ համագործակցության, թիմային ոգու և պատվով փակվող այս էջի համար։


Մաղթում եմ, որ 2025-ը բարով մտնի մեզնից յուրաքանչյուրի և ԳԿՄԿ-ի ընտանիք։ Թող գալիք տարին բազմապատկի մեր գրանցած հաջողությունները, զինի մեզ իմաստությամբ, նոր գիտելիքներով և կիրառական փորձով, հնարավորություն տա լիարժեք ինքնադրսևորման, երջանիկ կյանքի, մեր նպաստը ունենալու Հայաստանի հզորացման համահայկական և աշխարհը բարենորոգելու համամարդկային խնդիրներում։


Լինենք լիահույս և միասնական, գնահատենք արժանին և ձգտենք արժանի լինելու։


Թող գալիք տարվա ԳԿՄԿ բոլոր նորությունները լինեն միայն մեր հաղթանակների, առաջընթացի և հզորացման մասին՝ ի նպաստ մեր երկրի՝ գիտության և կրթության ուժով վեր հառնելիք ապագայի։


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն