Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Թուլուզ 3. համագործակցության նոր հեռանկարեր

Հունիսի 26, 2019

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունն այս օրերին Էրազմուս+ շարժունակության ծրագրի շրջանակներում պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Թուլուզ 3) համալսարանում:

ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, ՏՏ բաժնի պետ Արմեն Սարգսյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը այսօր հանդիպեցին վարչական մասի իրենց գործընկերներին, քննարկեցին բազմաթիվ հարցեր, մասնավորապես.


  • որակի կառավարման համակարգը Փոլ Սաբատիեում,
  • ուսանողների կողմից դասընթացների գնահատման գործիքներն ու մեխանիզմները, ստացված տվյալների կիրառումը կրթական ծրագրերի բարեփոխման ընթացքում,
  • հեռավար կրթությունը Փոլ Սաբատիեի համալսարանում, այս դաշտում հնարավոր համագործակցության հեռանկարները,
  • Փոլ Սաբատիեի համալսարանի հետ կրկնակի դիպլոմի շնորհմամբ նոր մագիստրոսական ծրագիր մշակելու և իրականացնելու քայլերը, մանրամասները, հեռանկարը և այլ հարցեր:


ԳԿՄԿ պատվիրակությանը հյուրընկալել էին Կլեր Թովարին` Փոլ Սաբատիեի համալսարանի եվրոպական գրասենյակից, պրոֆեսորներ Ժան-Պիեռ Ջեսսելին, Ալեն Կրուզիլին ու Պիեռ-Հենրի Կրոսին` նույն համալսարանի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտից:


Ինֆորմացիոն գիտությունների և հետազոտության ֆակուլտետի ղեկավար Ալեն Կրուզիլին մանրամասն ներկայացրեց իրենց ֆակուլտետի ամբիոնները, մասնագիտությունները և մասնագիտացումները, շնորհվող որակավորումները և այլ մանրամասներ, ապա պատասխանեց հյուրերի հարցերին:

Իսկ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ԳԿՄԿ դասախոս Հրաչյա Ասցատրյանը, դասախոսներ Մարիամ Հարությունյանը և Ռոբերտ Թադևոսյանը հանդիպեցին նույն առարկան Փոլ Սաբատիեի համալսարանում դասավանդող իրենց գործընկերներին, իրականացրեցին առարկայական ծրագրերի բենչմարքինգ, ուսումնասիրեցին տեսական և գործնական մասերի համադրման նոր մոտեցումները առարկայական ծրագրերի շրջանակներում, քննարկեցին ուսանողներին տրվող խնդիրներն ու նախագծերը, գնահատման չափանիշներն ու մոտեցումներ և այլ մանրամասներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակության` Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) կատարած այցի մանրամասները` նկարներով: