Գլխավոր էջ





Համագործակցության նոր հուշագիր Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ

Մարտի 15, 2022

Կարևորելով միջբուհական կապերի ամրապնդման դերն ու կրթական փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանում Եվրոպական համալսարանի միջև կնքվեց համագործակցության նոր հուշագիր:

Հուշագիրը նպատակաուղղված է կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատմանն ու համագործակցության ծրագրերի իրականացմանը: Սերտ համագործակցության շրջանակներում նախատեսվում է համատեղ կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների մշակում՝ սովորողների համար հնարավորություններ ստեղծելով կրթություն ստանալ նաև հեռաուսուցման միջոցով:

Երկուստեք կկազմակերպվեն գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական և արտադրական փոխադարձ պրակտիկաներ ուսանողների համար, ինչպես նաև կկազմակերպվեն համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներ:

Համագործակցությունը առավելագույնս կնպաստի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՀԵՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջև արդյունավետ համագործակցային միջավայրի ստեղծմանն ու ակադեմիական շարժունության զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին