Նոր համագործակցություն «Holiday Inn Express» հյուրանոցի հետ
Դեկտեմբերի 13, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մրցունակ և որակյալ կադրերի պատրաստման գործընթացում մշտապես կարևորում է աշխատաշուկայի հետ սերտ համագործակցությունը: Գործատուների հետ հարաբերությունների ընդլայնման, աշխատաշուկայի արդի պահանջների ուսումնասիրման, անհրաժեշտ կադրերի պատրաստման նպատակով ս/թ դեկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Holiday Inn Express» հյուրանոցի մարդկային ռեսուրսների բաժնի պետ Աննա Եսոյանցի հետ։ Հանդիպման արդյունքում կողմերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հանդիպմանը ներկա էին Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Զ. Հայրյանը, հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը և հանրային կապերի մասնագետ Մ. Ներսեսյանը: Զ. Հայիրյանը ողջունեց նոր ձևավորվող համագործակցությունը, ներկայացրեց ԳԿՄԿ առաքելությունը, գործունեությունը, «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը: «Մենք արդեն համագործակցում ենք Ռուսաստանի Մոսկվայի և Ռոստովի տուրիզմի և սերվիսի համալսարանների հետ․ նոր ձևավորվող համագործակցությունը «Holiday Inn Express» հյուրանոցի հետ կնպաստի երկու հաստատությունների միջև գործող կապի բարելավմանը, կընդլայնի համագործակցության եզրերը, հնարավորություն կստեղծի փորձի փոխանակման շրջանակներում հյուրընկալելու ռուս ուսանողներին: Ուրախ ենք նշել, որ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրի մագիստրանտները հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ, աշխատանքային փորձ և հմտություններ ձեռք բերել «Holiday Inn Express» հյուրանոցում՝ մասնակցելով վերապատրաստման տարատեսակ դասընթացների, իրենց պրակտիկան իրականացնելով այնտեղ, և հնարավորության դեպքում կկարողանան համալրել հյուրանոցում առկա թափուր հաստիքները»,- նշեց տուրիզմի կառավարում մագիստրոսական ծրագրի ղեկավար Զ. Հայրյանը:
Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը ևս ողջունեց ձևավորվող նոր համագործակցությունը, մեծապես կարևորեց աշխատաշուկայի պահանջների մշտական ուսումնասիրությունը և դրանց համապատասխան կադրերի պատրաստումը: Իր խոսքում նա նշեց նաև առաջիկա հնարավորության դեպքում հյուրանոց շրջայց և մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համատեղ վերապատրաստման դասընթաց կազմակերպելու մասին:
Կողմերը քննարկեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու գործողությունների հերթականությունը, իսկ «Holiday Inn Express» հյուրանոցի մարդկային ռեսուրսների բաժնի պետ Ա. Եսոյանցը շեշտեց, որ յուրաքանչյուր գործատու ձգտում է որակյալ կադրեր ունենալ, և հույս հայտնեց, որ ԳԿՄԿ-ի հետ համատեղ անհրաժեշտ գործողություններ կիրականացնեն՝ թափուր հաստիքների համալրման նպատակով:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին