Գիտակրթական միջազգային կենտրոնը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) քննարկեցին նոր համագործակցության հեռանկարները
Ապրիլի 12, 2021Ս/թ մարտի 30-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչները այցելեցին Գիտակրթական միջազգային կենտրոն։
FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր «էկոհամակարգի» ստեղծումն է: Այն մտադիր է համախմբել հայկական ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները։ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում:
ԳԿՄԿ այցի նպատակն էր ծանոթանալու Կենտրոնի կրթական և հետազոտական գործունեությանը և քննարկելու հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները FAST հիմադրամի կողմից իրականացվող «SciNova» ծրագրի շրջանակներում մասնավորապես՝
- «Հետազոտության ձևավորման և գիտության առևտրայնացման» դասընթացի ինտեգրում ՀՀ ԳԱԱ կրթական ծրագրերում
- ՀՀ ԳԱԱ դասախոսների ներգրավումը դասընթացավարների առաջիկա վերապատրաստմանը
Պետք է նշել, որ «SciNova» ծրագրի նպատակն է ՀՀ ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման ու գիտության առեւտրայնացման ժամանակակից հմտություններով։ Ծրագիրն իրականացվում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) նախաձեռնության շրջանակներում Ասթոնի համալսարանի հետ համատեղ եւ ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։
Հանդիպումը անցավ աշխատանքային և կառուցողական մթնոլորտում։