Նոր համագործակցություն կիբեռանվտանգության ոլորտում
Մայիսի 31, 2024Մայիսի 31-ին Ինժեներական քաղաքում կազմակերպված «Կանայք տվյալագիտության մեջ - Հայաստան 2024» միջազգային համաժողովի շրջանակներում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև:
Կարևորելով Հայաստանում կիբեռանվտանգության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը հուշագրով ամրագրեցին իրենց մտադրությունը համագործակցելու կիբեռանվտանգության ուղղությամբ մագիստրոսական կրթական ծրագրի մշակման ու ներդրման շուրջ։
Նույն օրը Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ նաև «Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոն»-ի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը տնօրենության այլ անդամների հետ շրջայց կատարեց գերհամակարգչային կենտրոնում, որի բացումը կարևորագույն քայլ է Հայաստանի տեխնոլոգիական նորարարությունների զարգացման և միջազգային մակարդակով գերազանցության հասնելու ճանապարհին։ Այն ոչ միայն նոր հորիզոններ կբացի տվյալագիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլև կխթանի գիտության և հետազոտությունների զարգացումը մեր երկրում։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին