ԳԿՄԿ միջազգային հեղինակությունն աճում է, կապերը՝ սերտանում
Մարտի 15, 2023Ս/թ մարտի 6-10-ը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցավ Կրթության քաղաքականության կենտրոնների եվրոպական ցանցի (NEPC) հերթական գլխավոր ասամբլեան, որին մասնակցում էին անդամ-կառույցների ներկայացուցիչները: Հայաստանից NEPC ցանցին անդամակցում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, որը ասամբլեայում ներկայացնում էր դեկան Ատոմ Մխիթարյանը, ով նաև NEPC գործադիր վարչության անդամ է:
Գլխավոր ասամբլեան քննարկեց Ցանցի գործունեության տարեկան աշխատանքային պլանը, կրթության քաղաքականության զարգացման միտումները Եվրոպայի տարբեր տարածաշրջաններում, հաստատեց բյուջեն և նոր ռազմավարությունը, ինչպես նաև ընտրեց գործադիր վարչության 3 նոր անդամ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանն իր զեկույցում անդրադարձավ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, առաջարկեց իրականացնել համատեղ միջազգային ծրագրեր և գիտահետազոտական աշխատանքներ, ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ծրագրեր կրթության քաղաքականության իրականացման և մշտադիտարկման նպատակով:
Վերջին օրը տեղի ունեցած նիստում Ցանցի 5 հոգանոց գործադիր վարչությունն իր կազմից Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցչին ընտրեց նախագահ՝ մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ NEPC-ի նպատակն է ստեղծել կրթության քաղաքականությամբ զբաղվող առաջատար կենտրոնների ցանց, որը, որպես տեղական և տարածաշրջանային փորձառություն ունեցող գլոբալ դերակատար, միտված է նպաստելու բաց, ժողովրդավար, բազմամշակույթային և բազմակարծիք հասարակության ձևավորմանը:
Ցանցի ներդրումը կրթության քաղաքականության բարելավման գործում արտացոլվում է բազմազան նախագծերի իրականացմամբ, որտեղ, որպես ակտիվ անդամ, իր մեծ ներդրումն ունի նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին