Համագործակցություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի և Օդեսայի հայկական համայնքի միջև
Հուլիսի 27, 2020Ս.թ. հուլիսի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ ի դեմս լեզվաբանության ամբիոնի, և Օդեսայի հայկական համայնքի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն հետևյալ հարցերում.
- ժամանակակից սփյուռքի, հայ-ուկրաինական լեզվական և մշակութային կապերի, Ուկրաինայում ապրող հայերի և նրանց սերունդների լեզվական առանձնահատկությունների ուսումնասիրություն,
- Ուկրաինայում երկլեզվության և հայոց լեզվի դասավանդման խնդիրների ուսումնասիրություն,
- համայնքային, տեղական և ազգային նշանակության համատեղ ծրագրերի իրականացում,
- համատեղ գիտաժողովների, նստաշրջանների և սեմինարների կազմակերպում,
- նորարարական նախագծերի համատեղ իրականացում,
- գիտական և մասնագիտական աջակցություն՝ մասնագետների և հետազոտողների փոխանակում, սփյուռքի մասնագետների վերապատրաստում, գիտակրթական ծրագրերի մշակում, ուսուցիչների և կրթության կազմակերպիչների վերապատրաստում, ամառային դպրոցների կազմակերպում և այլն:
Կողմերը լիահույս են, որ հուշագրի կնքումը հիմք կդառնա հետագա արդյունավետ և փոխշահավետ համագործակցության: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի կարևոր նպատակներից է նաև սփյուռքի հայ կրթօջախների հետ համագործակցության հաստատումը, սերտ կապը և համատեղ ծրագրերի շարունակականությունը: Այս հուշագրով ևս մեկ անգամ կամրապդվեն ամբիոնի և Օդեսայի հայկական համայնքի հետ սերտ հարաբերությունները՝ հանուն մեր ազգային, մշակութային, կրթական և գիտական ժառանգության պահպանման և տարածման: