Հանդիպում ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահների հետ
Մարտի 25, 2022Ս.թ. մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Կենտրոնի վարչակազմի ներկայացուցիչների և ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարների միջև:
Հանդիպման նպատակն էր ՈՒԽ նախագահ Տ. Կիրակոսյանի և ՈՒԳԸ նախագահ Է. Քեոշկարյանի կատարած աշխատանքների, ընթացիկ խնդիրների, հետագա անելիքների քննարկումը և ներկայացումը ԳԿՄԿ տնօրենության ներկայացուցիչներին:
Տնօրեն Ա. Սարգսյանը կարևորեց ուսանողական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության իրականացումը՝ ուսանողների գիտական և կրթական առաջընթացի նպատակով: Ա. Սարգսյանը անդրադարձավ նաև ՈՒԳԸ և ՈՒԽ գործառույթների ոլորտին, որը կոչված է նպաստելու ուսանողների նախաձեռնությունների աջակցմանն ու իրագործմանը, երիտասարդ գիտական ներուժի բացահայտմանն ու ներգրավմանն ուղղված միջոցառումներին և նրանցգործառույթներից բխող այլ աշխատանքներին:
Կենտրոնի գիտական քարտուղար Մ. Սարգսյանը ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահներին ներկայացրեց ԳԿՄԿ գիտակազմակերպչական տարբեր աշխատանքներում նրանց մասնակցության խնդիրները և պայմանները, մասնավորապես Կենտրոնի գիտական խորհրդի և տնօրենության կազմում ներգրավվածությունը, ամբիոնների և ստորաբաժանումների հետ համագործակցության հնարավորությունները և այլն: Մ. Սարգսյանն ընդգծեց, որ սա լայն հնարավորություն է ուսանողների ձայնը լսելի դարձնել Կենտրոնի ղեկավար օղակներում, ինչպես նաև տեղեկացված լինել Կենտրոնի ուսումնագիտական ընթացիկ աշխատանքներից:
ՈՒԳԸ նախագահ Է. Քեոշկարյանը ներկայացրեց առաջիկայում Ուսանողական գիտական ընկերության կողմից նախատեսված գիտակրթական ուղղվածություն ունեցող ծրագրերն ու միջոցառումները, սեմինարները, գիտաժողովները և այլ նախաձեռնությունները, որոնք կազմակերպվելու են Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի հետ սերտ համագործակցությամբ:
ՈՒԽ նախագահ Տ. Կիրակոսյանն էլ, անդրադառնալով Ուսանողական խորհրդի գործունեությանը, համառոտ ներկայացրեց ՈՒԽ-ի կողմից համակարգվող աշխատանքները, ինչպես նաև ԳԿՄԿ-ի գործունեությանը ուսանողների մասնակցության ապահովմանն ուղղված և ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը մասնակից ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լ. Ադամյանը, կարևորելով ուսանողների ակտիվ մասնակցությունը Կենտրոնի տարբեր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, հորդորեց ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահներին շարունակել սերտ համագործակցությունն իրենց բաժնի հետ՝ այդ կերպ խթանելով ուսանողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացումն ու կատարելագործումը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին