Գլխավոր էջ





Հանդիպում-քննարկում Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի միջազգային հարաբերությունների աշխատակիցների հետ

Դեկտեմբերի 23, 2019

Ս/թ դեկտեմբերի 19-ին հանդիպում տեղի ունեցավ Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի միջազգային հարաբերությունների աշխատակիցների, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակության և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտահետազոտական բաժինների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրերի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև պարզել, թե Էրազմուս+ ծրագրի 2020 թ. առաջարկների ներկայացման մրցույթին որ ծրագրերին կարող են դիմել՝ «ՀԳ 1 միջազգային կրեդիտային շարժունություն», թե՞ «ՀԳ 2 կրթության ոլորտում կարողությունների զարգացում»:

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտահետազոտական բաժինների ղեկավարները հակիրճ ներկայացրին իրենց բաժինների հետազոտական գործունեությունը: Քննարկվեց նաև այն հարցը, թե ինչպես կարող են ընդլայնել համագործակցությունը հետազոտության ոլորտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը արդեն 15 տարի է, ինչ համագործակցում են:

Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց դիմել թե՛ «ՀԳ 1 միջազգային կրեդիտային շարժունություն», թե՛ «ՀԳ 2 կրթության ոլորտում կարողությունների զարգացում» ծրագրերին: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանն առաջարկեց համագործակցության համաձայնագիր կամ հուշագիր կնքել Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի հետ՝ սահմանելով համագործակցության ինստիտուցիոնալ հենքեր, և խորացնել համագործակցությունը միջառարկայական ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերին հաջողվեց համաձայնության գալ բոլոր առաջարկների կապակցությամբ: