Գլխավոր էջ





Հանդիպում գործատուների հետ

Մարտի 26, 2024

Մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ երկրաբանության, ինչպես նաև տնտեսագիտության և կառավարման ամբիոնների հիմնական և խոշոր գործատուների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանը և գործատուներ՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական աշխատանքների գծով տնօրեն Արման Վարդանյանը:

Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը, որը ներառում էր ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի և գործատուների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարը, ինչպես նաև մասնագիտական կրթական ծրագրի բարեփոխման հնարավորությունները ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը կարևորեց գործատուների մասնակցությամբ ՄԿԾ-ների պարբերական գնահատումն ու բարելավումը, ինչպես նաև գործատուների կարծիքի ուսումնասիրումը շրջանավարտների ստացած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մասով և հույս հայտնեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցությունը կնպաստի ինչպես ԳԿՄԿ ՄԿԾ-ների որակի ապահովմանը, այնպես էլ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը:

ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց, որ տեղական և միջազգային համագործակցության հիման վրա յուրաքանչյուր տարի բարելավվում է մասնագիտական կրթական ծրագիրը: Հաշվի առնելով, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում երկրաբանության ամբիոնը համագործակցում է Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ, և բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ սովորելու եվրոպական առաջատար բուհերից մեկում, ուստի՝ մասնագիտական կրթական ծրագիրը պարբերաբար վերանայվում է և հնարավորինս համապատասխանեցվում միջազգային չափանիշներին: Կարևոր է նշել նաև, որ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնը տեղակայված է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ հետագայում շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը ամբիոնի լավագույն ուսանողները, հետևաբար, հաշվի են առնվում նաև որպես հիմնական գործատու՝ ինստիտուտի պահանջները ուսանողների մասնագիտական պատրաստվածության առումով:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական աշխատանքների գծով տնօրեն Ա. Վարդանյանը ողջունեց նմանատիպ հանդիպման կազմակերպումը՝ կարևորելով ուսումնառության ընթացքում բուհ-գործատու ամուր կապի ապահովումը, ինչը հնարավորություն է տալիս մշակել գործուն մեխանիզմներ հետագայում բարձր որակավորում ունեցող մասնագետներ թողարկելու համար: Իր խոսքում նա անդրադարձավ ոլորտի այն մասնագիտություններին, որոնց ուղղությամբ այսօր առկա է կադրային խիստ դեֆիցիտ, ինչպես նաև առանձնացրեց այն հմտությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել երիտասարդ մասնագետների մոտ:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագիտական կրթական ծրագրից զատ, մշակել նաև համատեղ ինտենսիվ դասընթացներ՝ ուղղված մասնագիտական կարողությունների և հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին