«AFISHE» ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Դուբրովնիկի համալսարանում
Մայիսի 14, 2024Ս/թ մայիսի 13-15-ը Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ընթանում է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցում են ծրագրի համակարգող հաստատությունների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, աֆիլացված գործընկեր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Դուբրովնիկի համալսարանի, Պորտոյի համալսարանի, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի, Սումիի ազգային ագրարային համալսարանի և Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի անդամները:
Հանդիպման օրակարգում միջանկյալ հաշվետվության նախապատրաստումն ու մշակումն է՝ ամփոփելով ծրագրի գործունեության 1.5 տարին:
Ըստ օրակարգի՝ ծրագրի աշխատանքային փաթեթների պատասխանատուները ներկայացրին ծրագրի գործունեության 1.5 տարվա ընթացում բուհերի կողմից կատարված աշխատանքները, իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ավարտված և ընթացիկ գործողությունները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց չորրորդ աշխատանքային փաթեթում ներառված ենթակառուցվածքների զարգացումը, որի շրջանակներում գործընկեր բուհերում նախատեսվում էր հիմնադրել 4 լաբորատորիա: Մասնավորապես, Ուկրաինայի գործընկեր բուհերում արդեն իսկ ավարտվել է լաբորատոր սարքավորումների ձեռքբերման գործընթացը, իսկ ՀՀ գործընկեր բուհերում գործընթացը մոտենում է ավարտին:
Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համատեղ հետազոտական ենթակառուցվածքի հասանելիության համաձայնագիր գիտական և հետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով: Գործընկեր բուհերը կօգտագործեն AFISHE ծրագրի շրջանակում գնված սարքավորումները, որոնք տեղադրված են հաստատությունների գիտական և հետազոտական լաբորատորիաներում՝ այսուհետ ծառայելով որպես «AFISHE լաբորատորիաներ»: Այս գիտական և հետազոտական լաբորատորիաները գործընկեր բուհերի համար կդառնան համատեղ և նշանակալից գիտական փորձերի և հետազոտությունների իրականացման հարթակ:
AFISHE ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ցանց Հայաստանի, Ուկրաինայի և ԵՄ գործընկեր երկրների միջև ջրային կուլտուրայի և ձկնաբուծության ոլորտներում: Այս ցանցը կծառայի որպես համատեղ կրթական և հետազոտական գործունեության իրականացման հարթակ՝ նպատակ ունենալով խթանել էկոլոգիայի վրա հիմնված լավագույն մոտեցումներն ու գործունեությունն այս ոլորտներում՝ ՄԱԿ-ի ԿԶՆ-ի նպատակներին և ԵՄ Կանաչ համաձայնագրին համապատասխան:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին