Գլխավոր էջ





Իտալացի պրոֆեսորները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հոկտեմբերի 6, 2017

Ս.թ. հոկտեմբերի 2-ից 5ը Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում Տուշայի համալսարանից ժամանած դասախոսները մի շարք արդիական թեմաներով դասախոսություններ և պրակտիկ խմբային քննարկումներ կանցկացնեն՝ եվրոպական առաջավոր փորձի փոխանցման և վերապատրաստման նպատակով: Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին և Իտալիայի Տուշայի համալսարանի պրոֆեսորադասախոսական պատվիրակությանը: Տուշայի համալսարանի պրոֆեսորները ժամանել են Հայաստան` դասախոսություններ կարդալու ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ֆունկցիոնալ սննդամթերք, ճշգրիտ գյուղատնտեսություն, գեովիճակագրություն և այլ թեմաների վերաբերյալ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Իտալիայի Հանրապետությունը Եվրոպայի այն երկրներից է, որի հետ մենք ունենք բազմակողմանի համագործակցության ծրագրեր ֆիզիկայի, բնական գիտությունների, հայագիտության ասպարեզներում:Մենք աշխատում ենք, որպեսզի մեր կրթական ծրագրերը լինեն այնպիսին, որ կադրերի ստացած գիտելիքները համապատասխանեն ժամանակակից պահանջներին: Այդ կապակցությամբ շատ ենք կարևորում Տուշայի համալսարանի պրոֆեսորների այցը և նրանց դասախոսությունները»:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: «Մենք ուրախ ենք, որ Տուշայի համալսարանն այդքան ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, սննդի անվտանգությանը, սննդի որակին վերաբերող հարցերում մենք մեծ փորձ ունենք, որով կարող ենք կիսվել: Այս ոլորտն, իսկապես, զարգացած է Իտալիայում: Հայաստանը միշտ հայտնի է եղել իր սնունդով, սննդի արտադրությամբ: Բայց քանի որ Հայաստանը փորձում է արտահանել իր սնունդը եվրասիական և եվրոպական շուկաներ, այս հարցը ավելի առաջնային կարևորություն է ստանում, և «Էրազմուս +» ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ունենք շարունակել մեր համագործակցությունը և փորձի փոխանակումը»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Էրազմուս+ KA107» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, իսկ ասպիրանտները ներկայացրեցին Տուշայի համալսարանում կատարված հետազոտությունների արդյունքները։
Հոկտեմբերի 3-ից դասախոսությունները շարունակվեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ասպիրանտների և գիտաշխատողների համար։