Գլխավոր էջ





ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական ծրագիրը հետևում է համաշխարհային տուրիզմի ոլորտի զարգացումներին

Դեկտեմբերի 23, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը շարունակում է հարցազրույցներ իրականացնել ԳԿՄԿ տարբեր մագիստրոսական ծրագրերի ղեկավարների հետ՝ մեզ հետևողներին մագիստրոսական ծրագրերի մասին ծավալուն տեղեկատվություն տրամադրելու, Կենտրոնում ընձեռվող հնարվորությունները, ծրագրերը ներկայացնելու նպատակով: Ստորև ներկայացնու ենք ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Զ. Հայրյանի հետ զրույցը:

Այսօր տուրիզմն ամբողջ աշխարհում համարվում է տնտեսության ամենազարգացող ուղղություններից մեկը: Որքանո՞վ է ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը համապատասխանում տուրիզմի ոլորտի արդի պահանջներին:

- ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրում ընդգրկված են այդ ոլորտը ուսումնասիրող հիմնական դասընթացները` «Տուրօպերեյտինգ», «Հյուրանոցային գործ և սպասարկում», «Զբոսաշրջության օրենսդրություն», «Միջազգային զբոսաշրջության ռեսուրսներ» և այլն, որոնց շնորհիվ մագիստրանտները ստանում են համապատասխան գիտելիքներ` զբոսաշրջության ոլորտում աշխատելու և կայանալու համար:

Դասընթացները դասավանդում են այդ ոլորտում մեծ փորձ ունեցող դասախոսներ, որոնք, բացի տեսական գիտելիքներից, ապահովում են մագիստրանտների գործնական աշխատանքները Երևանի տարբեր դասակարգում ունեցող հյուրանոցներում, տուրգործակալություններում:

Բաժնի դասախոսական կազմն ամեն տարի մասնակցում է վերապատրաստման դասընթացների ՀՀ-ում, ՌԴ-ում և այլն, ինչը նպաստում է ուսանողներին արդիական գիտելիքներ փոխանցելու գործընթացի ապահովմանը:

ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագիրը համապատասխանում է միջազգային զբոսաշրջության ծրագրերին, որոնք դասավանդվում են Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների համալսարաններում:

- Ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում դասընթացները: Կենտրոնն ի՞նչ հնարավորություններ է ընձեռում մագիստրանտներին:

- ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրի դասախոսությունների ընթացքում կիրառվում են նոր տեխնոլոգիաներ. դասընթացների ժամանակ կազմակերպվում են շնորհանդեսներ, վեբինարներ և այլն:

Բացի լսարանային աշխատանքներից՝ դասընթացները կազմակերպվում և անցկացվում են ''Grand Hotel Yerevan'', ''Ramada'', ''Ani Plaza'', ''Armenia Trave''l և այլ ձեռնարկություններում: Այդ գործնական դասընթացների շնորհիվ մագիստրանտները հնարավորություն են ստանում խորապես ուսումնասիրելու հյուրանոցների և տուրգործակալությունների գործունեությունը, ծանոթանալու նրանց հիմնական բաժինների աշխատանքներին, գովազդի տեսակներին և կազմակերպման ձևերին, PR-միջոցառումներին և այլն:

- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագիրն ի՞նչ առավելություններ ունի ՀՀ այլ բուհերի նույն մասնագիտությունների համեմատությամբ:

- ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրի շրջանակներում դասավանդվում է զբոսաշրջության էլեկտրոնային ''Amadeus'' ծրագիրը, որը այլ բուհերի տուրիզմի բաժիններում չի դասավանդվում:

Կենտրոնը համագործակցում է Մոսկվայի ''Amadeus''գրասենյանի հետ, որը իր աշխատողների համար նախատեսված դասընթացներից մեկը կազմակերպել և անցկացրել է ԳԿՄԿ-ում:

Առավելություն է նաև այն փաստը, որ ԳԿՄԿ մագիստրանտների գործնական աշխատանքները կազմակերպվել են ոչ միայն ՀՀ-ում, այլև Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում, Թիֆլիսի ''Tbilisi Marriott Hotel'' հյուրանոցում և այլն, որտեղ կատարվել են զբոսաշրջության ենթակառուցվածքին վերաբերող հետազոտական աշխատանքներ, SWOT-վերլուծություններ:

- Դուք պայմանագիր ունեք Մոսկվայի և Դոնի Ռոստովի տուրիզմի և սերվիզի համալսարանների հետ, այդ համագործակցությունն ի՞նչ հնարավորություններ է տալիս ԳԿՄԿ մագիստրանտներին:

- Կենտրոնը «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքել Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հետ, որի համաձայն՝ 2022 թվականից զբոսաշրջության ոլորտում կանցկացվեն համատեղ ուսումնասիրություններ, փոխադարձ դասախոսություններ, վեբինարներ, պրակտիկ աշխատանքներ և այլն:

Ս/թ սեպտեմբերի 15-ից «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագիրն իր համագործակցությունն է սկսել Դոնի Ռոստովի պետական համալսարանի բիզնես դպրոցի հետ, որի շրջանակներում անց են կացվում առցանց դասախոսություններ:

Ռուսաստանի բիզնես դպրոցի դասախոսներ տ.գ.թ., դոցենտ Ալմուխամեդովա Օ. Ա. և տ.գ.թ., դոցենտ Գրիգորենկո Տ. Մ., ԳԿՄԿ մագիստրանտներին դասավանդում են ''Управление качеством на предприятиях индустрии туризма и гостеприимства'' և ''Маркетинговые исследования в сфере HoReCa'' առարկաները՝ զբոսաշրջության ոլորտի արդիական գիտելիքներ տրամադրելով մեր ուսանողներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն իր հերթին ''Межкультурная коммуникация'' առցանց դասընթացն է կազմակերպել Դոնի Ռոստովի համալսարանի ուսանողների համար։ Դասընթացը վարում է բ.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը, և նրա դասախոսություններն արդեն արժանացել են բարձր գնահատականի:

- Միջազգային ուրիշ ի՞նչ ծրագրեր և համագործակցություններ եք առաջարկում ամբիոնի ուսանողներին:

- Ներկայումս պատրատվում է նոր ծրագիր, որը նախատեսված է Վրաստանի պետական համալսարանի «Տուրիզմի կառավարում» և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Տուրիզմի կառավարում» կրթական ծրագրերով համատեղ ուսումնական, հետազոտական աշխատանքներ կատարելու համար:

- Դասընթացների արդյունավետ կազմակերպման գործում մեծ դեր ունի դասախոսական կազմը. ովքե՞ր են դասավանդում Ձեր ամբիոնում:

- Ամբիոնում դասավանդում են տուրիզմի ոլորտում մեծ փորձ ունեցող դասախոսներ, որոնք, ժամանակակից տեսական գիտելիքներ փոխանցելուց բացի, ակտիվ կազմակերպում են մագիստրանտների գործնական աշխատանքները:

Մագիստրանտները բարձր են գնահատում տ.գ.թ., դոցենտ Անահիտ Ոսկանյանի, բ.գ.թ., դոցենտ Նարինե Վարդանյանի, բ.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանի, բ.գ.թ Զարուհի Հայրյանի, տ.գ.թ., դոցենտ Կ. Սարգսյանի, Կարո Սարաֆյանի և այլոց գիտելիքն ու իրենց հետ տարվող աշխատանքը:

Ամբիոնի դասախոսները նաև մաստեր-կլասս դասախոսություններ են կազմակերպել և անցկացրել Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների համալսարաններում:

- 2020 թվականից ամբողջ աշխարհը պայքարում է Covid-19 համավարակի դեմ: Ձեր կարծիքով ի՞նչ մարտահրավերների և զարգացման հնարավորությունների առջև է կանգնած այսօր տուրիզմի ոլորտը:


- Covid-19 հետևանքով տուրիզմի ոլորտը, ինչպես նաև տնտեսության բոլոր ոլորտները, մեծ անկում ապրեց:

Այսօր բոլոր երկրներում մեծ ուշադրություն են դարձնում ներքին զբոսաշրջության և ենթակառուցվածքի զարգացման հարցերին: Միջազգային տուրիստական շուկայում այսօր մեծ պահանջարկ ունի առողջարանային զբոսաշրջությունը, որը զարգացման մեծ հեռանկարներ ունի նաև Հայաստանի Հանրապետությունում: Այն մեր երկրում ավելի գրավիչ և արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար կարելի է համադրել նաև տուրիզմի մյուս տեսակների հետ, որոնք մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջության միջազգային շուկայում:

Ստորև ներկայացնում ենք «Տուրիզմի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի վերաբերյալ տեսահոլովակը:

https://www.youtube.com/watch?v=9TmGUzDaBxI


Հանրային կապերի և կարիերայի բաժին