Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ն ինձ տվեց կրթությունս Ֆրանսիայում շարունակելու հնարավորություն», - ԳԿՄԿ ուսանող Լիլիթ Սարգսյան

Սեպտեմբերի 29, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երկրաբանության ամբիոնի շրջանավարտ, արդեն նաև ասպիրանտ Լիլիթ Սարգսյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Լիլիթը կիսվել է մասնագիտության ընտրության, ԳԿՄԿ-ի ընձեռած հնարավորությունների և Ֆրանսիայում ստացած կրթության մասին:

Պատահականությունն
ու սերը դեպի բնական գիտություններ ինձ աշխարհագրությունից տեղափոխեցին դեպի երկրաբանություն։

2016թ.-ին, երբ սովորում էի ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլետի աշխարհագրության բաժնի մագիստրատուրայում, աշխատանքի անցա ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում։ 4 տարի աշխատելով ինստիտուտի Երկրատեղեկատվության լաբորատորիայում, շփվելով երկրաբան ընկերներիս հետ և մասնակցելով ինստիտուտում տեղի ունեցող գիտական սեմինարներին՝ աստիճանաբար հետաքրքրություն առաջացավ ձեռք բերել նոր գիտելիքներ արդեն երկրաբանության ոլորտում։ Ճանաչելով Երկրաբանության ինստիտուտի նվիրյալ գիտնականներին և իմանալով նրանց մոտեցումն աշխատանքին՝ ընտրեցի մագիստրատուրայի ուսուցումը հենց ԳԿՄԿ-ում, քանի որ ցանկանում էի ստանալ մասնագիտական խորը գիտելիքներ, իսկ այդ ամենը հնարավոր էր միայն նման ակադեմիական միջավայրում՝ պրակտիկ գիտելիքներ ստանալուն զուգընթաց։

Քանի
որ Երկրաբանության ինստիտուտը համագործակցում է Ֆրանսիայի Լիլի համալսարանի հետ, արտերկրում սովորելու իմ հնարավորությունն ավելի մեծացավ։

Երկրաբանության ամբիոնի վարիչ, նաև իմ կուրսղեկ Լիլիթ Սարգսյանի և ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ դիմեցի «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին և դարձա այն հաջողակներից մեկն, ով մեկ քայլով էլ մոտեցավ իր երազանքին սովորելու միջազգային բուհում:

Լիլի համալսարանում դասերը շատ հագեցած էին անցնում, բավականին խիտ գրաֆիկով, հնարավորություն ունեինք մեր ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Դաշտային պրակտիկայի շրջանակներում այցելել ենք Բելգիայում գտնվող Ֆամմեն-Արդեն քարանձավը։ Ուսման ընթացքում դժվարությունները ևս անխուսափելի էին. երկրաբանության ճյուղերից ընտրել էի հնէաբանությունը և հնէաբանությանն առնչվող առարկաներ, որի արդյունքում ունեցա տեխնիկական անգլերեն լեզվով բարդ առարկայացանկ: Դժվար էր նաև ադապտացումը կրթական համակարգին, սակայն ժամանակի ընթացքում այս ամենն ինձ հաջողվեց հաղթահարել:

ԳԿՄԿ-ն ինձ տվեց կրթությունս Ֆրանսիայում շարունակելու հնարավորություն:


ԳԿՄԿ-ն ունի միջազգային բուհերի հետ համագործակցության լայն շրջանակ, ինչն էլ հնարավորություն է տալիս սովորել այն բուհում, որը համապատասխանում է թե´ քո մասնագիտությանը և թե´ նախասիրություններիդ: Ապագա ուսանողներին էլ խորհուրդ կտամ օգտվել արտերկրում կրթություն ստանալու լայն հնարավորություններից:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին