«Կենտրոնի միջազգային համագործակցության շնորհիվ է, որ ուսանողները հնարավորություն ունեն սովորել միջազգային բուհերում». ԳԿՄԿ ուսանող Սյուզաննա Մնացականյան
Մայիսի 19, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի գործարար վարչարարության բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Սյուզաննա Մնացականյանն «Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում այժմ սովորում է Իտալիայի Տուշայի համալսարանում:
-Ես Սյուզին եմ՝ 24 տարեկան: Ավարտել եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, աշխատում եմ SoftConstruct ընկերությունում: Սիրում եմ ուսումնասիրել հոգեբանություն և աստղագիտություն, ինչպես նաև՝ հետաքրքրված եմ նորաձևությունով:
Ազատ ժամանակս նախընտրում եմ անցկացնել ընտանիքիս կամ ընկերներիս հետ: Սիրում եմ ճանապարհորդել, բացահայտել Հայաստանի գողտրիկ վայրերը, իսկ հիմա էլ գտնվելով Իտալիայում՝ փորձում եմ ուսմանս զուգահեռ ծանոթանալ այստեղի պատմամշակութային կյանքին, տեսարժան վայրերին:
Ի սկզբանե մագիստրոսական ուսումնառությունս ցանկանում էի ստանալ «Գործարար վարչարարություն» մասնագիտությամբ:
Հետևելով բազմաթիվ դրական կարծիքներին՝ թե՛ գիտակրթական միջազգային կենտրոնի, թե՛ դասախոսական կազմի վերաբերյալ, միանշանակ որոշեցի ընտրել հենց Կենտրոնը, քանի որ այն լավագույն տարբերակն էր մագիստրոսական կրթությունս ստանալու համար: Ընդգծեմ ևս մեկ կարևոր հանգամանք, որ գործարար վարչարարության կրթական ամբողջ ծրագիրը կազմակերպվում է հեռավար տարբերակով, ուստի այն լիովին համատեղելի է աշխատանքիս հետ:
Արտերկրի բուհերի և միջազգային կազմակերպությունների հետ ԳԿՄԿ-ի ակտիվ համագործակցության շնորհիվ է, որ ես և մյուս ուսանողները հնարավորություն ունենք սովորել տարբեր երկրների միջազգային բուհերում:
Իտալիայի Տուշայի համալսարանի հետ փոխանակման ծրագրի մասին իմացել եմ Կենտրոնի կայք էջում ուսումնասիրություններ կատարելիս, որը բավականին ինձ ոգևորեց և մոտիվացրեց և մրցույթին մասնակցելու արդյունքում հայտնվեցի Իտալիայի Տուշայի համալսարանում: Այստեղ դասերն անցկացվում են հետաքրքիր և ինտենսիվ, դասախոսական կազմը բավականին բաց է և պատրաստակամ միջազգային ուսանողների նկատմամբ:
ԳԿՄԿ-ում ուսանելը մեծ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գիտելիքների հարուստ պաշար և կայանալ ընտրված մասնագիտության մեջ:
Ուրախ եմ, որ ժամանակին ճիշտ ընտրություն եմ կատարել և հպարտ եմ, որ այսօր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող եմ և խորհուրդ կտամ ուսանողներին օգտվել ԳԿՄԿ-ի մագիստրոսական կրթական ծրագրերի լայն հնարավորություններից, որոնք ընձեռվում են սովորողներին ուսման ընթացքում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին