Գլխավոր էջ





«Հինգ տարի անց իմ մասնագիտական զարգացումը նորից գիտության մեջ եմ տեսնում», - ԳԿՄԿ ուսանող Հռիփսիմե Խաչատրյան

Նոյեմբերի 3, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի դեղագիտության ամբիոնի 1-ին կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Խաչատրյանն է, ով այս պահին աշխատում է ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

Բակալավրի իր կրթությունը Հռիփսիմեն ստացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկության և անասնաբուծության ֆակուլտետում, այնուհետև շարունակել մագիստրատուրան՝ սովորելով նույն համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների բաժնում:

Ուսմանը հավերժ սիրահարված Հռիփսիմեն միայն մեկ մագիստրոսական ծրագրով չի բավարարվում և որոշում է դառնալ նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի դեղագործական քիմիայի ամբիոնի մագիստրանտ, քանի որ աշխատելով ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ակադեմիական միջավայրում՝ մշտապես իր գործընկերներից լսում է ամբիոնի հետազոտահեն և որակյալ կրթության մասին:

«Հինգ տարի անց իմ մասնագիտական զարգացումը նորից ու նորից գիտության մեջ եմ տեսնում, վստահ եմ, որ արդեն ասպիրանտ կլինեմ, գուցե նաև թեկնածուական ատենախոսությունս պաշտպանած լինեմ: Իսկ ԳԿՄՆ-ն օգնում և աջակցում է մեր նպատակների իրագործմանը, խրախուսում, որ լինես ինքնուրույն, պրպտես և գտնես այն, ինչ անհրաժեշտ է քեզ, և միևնույն ժամանակ հոգատար ծնողի նման կողքից հսկում է, որ անհրաժեշտության դեպքում՝ հասնի օգնության», - Կենտրոնի մասին խոսելիս նշում է Հռիփսիմեն:

Աշխատասեր և ուսումնատենչ Հռիփսիմեն գրեթե ազատ ժամանակ չունի, և, ինչպես ինքն է ասում, ժամանակն իր համար անընդհատ շարժման մեջ է, ուստի փորձում է այն ավելի արդյունավետ տնօրինել: «Սիրում եմ լսել Տիգրան Մանսուրյանի չքնաղ երաժշտությունը և զբոսնել շնիկիս հետ, գնալ ձկնորսության, թեև հաճախ է պատահում, որ ոչինչ չեմ բռնում, բայց հիանում եմ քամուց պար եկող ալիքներով, սիրում եմ ընթերցել նոր ստեղծագործություններ և ասմունքել, իսկ աշխարհից նեղացած լինելու ժամանակ էլ՝ առանձնանալ և ինքս գրել: Չեմ ձանձրանում, հակառակը՝ վախենում եմ, որ ժամանակն ինձ չհերիքի», - իր խոսքը եզրափակում է Հռիփսիմեն:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին