«Կենտրոնում ձևավորված ակադեմիական միջավայրն ու հետազոտահեն կրթության կազմակերպումը նպաստում է որակյալ կրթության ձեռքբերմանը»,- ԳԿՄԿ ուսանող Նոննա Հովհաննիսյան
Օգոստոսի 3, 2022ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Դեղագործական քիմիա» մասնագիտությամբ շրջանավարտ Նոննա Հովհաննիսյանն է, ով այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում:
«Քանի որ ոլորտն ինձ շատ հոգեհարազատ է, որոշեցի մագիստրոսական կրթությունս ստանալ հենց ԳԿՄԿ-ում՝ հաշվի առնելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը բազմաֆունկցիոնալ համալիր է, որը լայն հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար իրականացնել տարբեր գիտահետազոտական լաբորատոր պրակտիկ աշխատանքներ տվյալ ոլորտում և օգտվել տարածաշրջանում եզակի արժեքավոր լաբորատոր սարքավորումներից: Բացի այդ՝ մագիստրատուրան ավարտելուց հետո կարող եմ շարունակել գիտական գործունեությունս և այժմ մտածում եմ գիտական աստիճան ստանալու ուղղությամբ: Պետք է անկեղծ խոստովանեմ, որ եթե չընտրեի ակադեմիական միջավայրը և սովորեի այլ բուհում, երբեք չէի կարող պատկերացնել, որ կկարողանամ գիտական աշխատանքով զբաղվել: Այս առումով ԳԿՄԿ-ն տվեց ինձ բազում հնարավորություններ և այլընտրանքային տարբերակներ»,- նշում է Նոննա Հովհաննիսյանը:
«ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն ընդունվող մեր դիմորդներին կցանկանայի ասել, որ Կենտրոնում ձևավորված ակադեմիական միջավայրն ու հետազոտահեն կրթության կազմակերպումը նպաստում է որակյալ կրթության ձեռքբերմանը, մնում է միայն այն կարողանալ ճիշտ յուրացնել, ամեն ինչ մեր ձեռքերում է, ցանկության և նպատակասլացության հարց է: Մաղթում եմ եռանդուն աշխատանք, և տոկունություն: Համա՛ռ եղեք և մաքսիմալ աշխատասեր»:
«Ուսանողական տարիներից հիշարժան դեպքերը շատ են, և յուրաքանչյուր մարդու մոտ այն յուրովի է: Հատուկ հիշողության են արժանի բազմաթիվ հումորային և զվարճալի պատմությունները, հետաքրքիր և բովանդակալից օրերը, որոնք ունեցել եմ ընկերներիս հետ: Պարզապես կցանկայի ասել, որ ի շնորհիվ մեր Կենտրոնի՝ ձեռք եմ բերել բազմաթիվ լավ ընկերներ: Շնորհակալ եմ յուրաքանչուր փուլի և մնայուն գիտելիքների համար»:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին