Գլխավոր էջ





ԳԿՄԿ մագիստրանտները դարձան Ձմեռ պապ Արցախի փոքրիկների համար

Դեկտեմբերի 28, 2021

Պատերազմը խլեց մեզանից ամեն ինչ, կոտրեց մեր հույզերը, հույսերը, կոտրեց թևերը, մասնատեց ընտանիքները, բայց չկարողացավ մասնատել հայ ազգը: Հայը միշտ արթուն է, երբ իր օգնության կարիքն ունեն: Մի կողմ դնելով ամեն ինչ՝  կարող է նվիրվել անմնացորդ: Հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, անտուն մնացած փոքրիկներ, որոնք մանուկ հասակում կորցրին իրենց մանկությունը: Ոչինչ վերադարձնել չենք կարող, չենք կարող փոխարինել իրենց ծնողներին, չենք կարող դառնալ իրենց տունը, բայց կարող ենք փոքր ժպիտ պարգևել նրանց, կարող ենք սեր, հոգատարություն և ուշադրություն տալ իրենց՝ վստահեցնելով, որ նրանց ծնողների թողած պատգամը մենք պատվով ենք ընդունում և շնորհակալ ենք, որ շնչում ու գոյատևում ենք այս հողի վրա:

Այս սուրբ գործի կայացման համար էր, որ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը ձեռնամուխ եղավ այս հրաշալի նախաձեռնությանը՝ դառնալով Ձմեռ պապ այն  փոքրիկների համար, որոնք կորցրել էին ժպտալու կարողությունը:

Հանրային կապերի և կարիերայի բաժինը ՈՒԽ-ի, ուսանողների համատեղ ջանքերով կազմեց այն նվերների ցանկը, որոնք փոքրիկները խնդրել էին Ձմեռ պապին իրենց ուղղված նամակներում:

ԳԿՄԿ յուրաքանչյուր ուսանող դարձավ Ձմեռ պապ այս փոքրիկներից յուրաքանչյուրի համար: Սեղմ ժամկետներում հավաքագրվեցին նվերները, և հանրային կապերի և կարիերայի բաժնի միջնորդությամբ ուղարկվեցին Արցախ:

Բաժինը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում նախաձեռնության բոլոր աջակիցներին և շնորհավորում բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով բարեկեցություն, խաղաղություն մեր սահմաններին և տոկունություն՝ ամուր կանգնելու և պաշտպանելու այս սուրբ հողը:

Հանրային կապերի և կարիերայի բաժին